Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի 2015թ. կեսերին


15:07 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցության ստեղծման գործընթացի ավարտը հնարավոր կդառնա 2015թ. կեսերին: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության «Ազերիոլսերվիս» բաժնետիրական ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը:

Նրա խոսքերով` Վրաստանում կառավարության փոփոխությունները և կառուցվածքային վերակառուցումները դարձան նախագծի իրագործման ձգձգման պատճառ: 

Գուրբանովի խոսքերով` մասնավորապես ձգձգվել է Վրաստանի և Թուրքիայի սահմանին 4.2 կմ երկայնքով երկաթուղային թունելի կառուցումը: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի տարածքում թունելի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, Վրաստանում աշխատանքները սկսվել են ոչ վաղուց և արդեն կառուցվել է թունելի 70 մ:

ԲԹԿ երկաթուղու շինարարության շրջանակներում, որի երկայնքը կազմում է 180 կմ, ավարտվել են 100 կմ-ի աշխատանքները: