Մենք ապրում ենք տիեզերքի պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում. Դոլորես Քենոն


15:19 , 22 փետրվար, 2014

Dolores Cannon has over 40 years of regressive hypnotherapy experience from which shes acquired remarkable information about life in the Universe.

Դոլորես Քենոնը ռեգրեսիվ հիպնոթերապիայի (հիպնոզով բուժման մեթոդ) ոլորտում մոտ 40 տարվա փորձ ունի, որի շնորհիվ նա տիեզերական կյանքի մասին զգալի տեղեկատվություն է ձեռք բերել: Դոլորես Քենոնը իր կարիերայի ընթացքում հազարավոր հաճախորդներ է ունեցել, որոնց հետ անցկացրել է ռեգրեսիվ հիպնոթերապիայի սեանսներ: Նա այս թեմայով մոտ 17 գիրք է հրապարակել: Նրան կարելի է համարել ոլորտի ամենապահանջված մասնագետներից մեկը: Իր բազմաթիվ գրքերում նա անդրադառնում է մի շարք թեմաների, այդ թվում՝ նախկին կյանքին, այլմոլորակայիններին, էներգետիկ բուժմանը, պատմական հայտնի կերպարներին, առևանգումներին: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել:

Նրա վերջին գրքերից մեկը՝ «Կամավորների երեք ալիքը և Նոր Երկիրը», ռեգրեսիվ հիպնոթերապիայի սեանսների մասին է: Դրանում պատմվում է Երկիր մոլորակի ներկայիս հարացույցի փոփոխության մասին: Սեանսների ընթացքում Դոլորեսը հիպնոզի է ենթարկում իր հաճախորդներին՝ նրանց գցելով խոր տրանսային վիճակի մեջ: The Edge-ին տված հարցազրույցում Դոլորեսը մանրամասնել է իր մեթոդի առանձնահատկությունները.

- Ես տարիների ընթացքում իմ սեփական մեթոդն եմ մշակել: Այն նման չէ հիպնոսի որևէ այլ մեթոդի: Մենք կարող ենք կապ հաստատել այն բանի հետ, որը ես անվանում եմ գերագույն ուժ: Այն բոլոր գիտելիքների աղբյուրն է: Ես գտել եմ այն եղանակը, որով կարողանում եմ ստիպել, որ այդ ուժը գա ցանկացած մարդու վրա, որի հետ ես աշխատում եմ, իսկ ես աշխատել եմ հազարավոր մարդկանց հետ: 

Նրա մեթոդի արդյունքները պարզապես ապշեցուցիչ են: Տարիների ընթացքում Դոլորեսը սկսեց կորելացիա նկատել իր տարբեր հաճախորդների սեանսների միջև: Այդ կորելացիան կամրջում է այն հոգիների ճանապարհորդությունը, որոնք ներկայումս բնակվում են մեր մոլորակի վրա:   

- Իբրև թերապևտ և հոգեբույժ՝ ես հանդիպում եմ հազարավոր հաճախորդների, և ես սկսում եմ ընդհանուր գիծ տեսնել բազմաթիվ դեպքերի միջև:   

Գործունեությանս վաղ շրջանում բոլորը վերադառնում էին նախկին կյանք, և ես մեզ մտահոգող հարցերի որոշ պատասխաններն այնտեղ էի գտնում, իսկ հետո ես ուսումնասիրում էի ստացածս ողջ գիտելիքի աղբյուրը՝ նրանց բոլոր հարցերին պատասխանելու և նրանց ամոքելու համար: Վերջին հինգ տարիներին ես սկսեցի հանդիպել այնպիսի հաճախորդների, որոնք չէին վերադառնում երկրի վրա անցկացրած իրենց նախորդ կյանք: Ես հայտնաբերեցի, որ նախկինում նրանք երբեք չէին եղել երկրի վրա և այստեղ էին եկել ուղիղ Աստծո մոտից, այլ մոլորակներից, որտեղ նրանք հոգևոր էակներ էին: Սա այն ընդհանուր գիծն է, որը ես հայտնաբերել եմ: Հենց այստեղ էլ ես հղացա կամավորների երեք ալիքի տեսությունը:  

Դոլորեսի տեսությունից հետևում է, որ մի շարք հոգիներ մեր մոլորակ են ուղևորվում այլ մոլորակներից ու այլ հորիզոններից՝ այս ժամանակաշրջանում Երկրին օգնելու համար: Այս հոգիներից շատերը, որոնք ավելի ուժեղ վիբրացիա ունեն, քան Երկրի մշտական բնակիչների հոգիները, Երկիր մոլորակի վրա առաջին անգամ են ապրում: Դոլորեսը հաստատում է, որ այն հոգիները, որոնք մի քանի կյանք են անցկացրել Երկրի վրա և վերաբնակվել են այստեղ,  «լռված են» կարմայի օղակում և կրկնում են միևնույն տիպի սխալները, ինչն էլ ի վերջո հանգեցնում է մոլորակի կործանմանը: Այսպիսով, ավելի անաղարտ հոգիներ են կանչվել Երկիր՝ մոլորակի վիբրացիան մաքրելու ու բարձրացնելու համար: Սակայն ներկայումս գտնվելով մարմնի մեջ՝ այդ հոգիները չեն հիշում, թե ինչու են եկել:

- Հենց որ նրանք գալիս են Երկիր մոլորակ, նրանց մոտ ամնեզիա է սկսվում, ինչի հետևանքով նրանք մոռանում են, թե ինչու են այստեղ: Սակայն նրանք էներգիա ունեն, որը պետք է ճառագեն: Դա սիրով լեցուն էներգիա է, որը կփոխի Երկրի վրա գերիշխող մտածելակերպը: Նրանց այստեղ գտնվելու հանգամանքը կփոխի ողջ պատմությունը:   

Իր հաճախորդների ճանապարհորդությունների ողջ ընթացքում Դոլորեսը հայտնաբերել է, որ Երկիրը ողջ տիեզերքի ամենախիտ մոլորակներից է: Այն հոգին, որը բնակվում է այստեղ, խիզախ է համարվում, քանի որ Երկրի վրա կյանքը շատ բարդ փորձություն է: Այս փորձությունը հատկապես բարդ է այն հոգիների համար, որոնք գալիս են ավելի ուժեղ վիբրացիայով մոլորակներից: Այնուամենայնիվ, Դոլորեսի բոլոր հաճախորդները միևնույն պատասխանն ունեն, երբ հարցը վերաբերում է Երկիր մոլորակ գալու պատճառին: Նրանք պարզապես լսել են կանչը:

 Երկիրը զգալի վերափոխման է ենթարկվում: Դոլորեսի հաճախորդները նշում են, որ այսպիսի վերափոխում դեռևս երբեք չի եղել: Առաջին անգամ մի ողջ մոլորակ իր վիբրացիան տարածական այլ հաճախականության է փոխում: Բազմաթիվ հոգիներ կամ հոգիների խմբեր նմանատիպ փոփոխության միջով են անցել անցյալում (օրինակ՝ մայաները), սակայն դեռևս երբեք մի ողջ մոլորակ միանգամից չի փոխվել: Դոլորեսի խոսքերով՝ ողջ տիեզերքը, առաջին շարքում նստած, երբևէ գրանցված ամենամեծ շոուներից մեկի ականատեսն է դառնում: Այնուամենայնիվ, օգնության կարիք է զգացվում, որովհետև մարդը աղտոտել է մոլորակը այնքան խիտ վիբրացիայով, որը սպառնում է ողջ մոլորակի փրկությանը: Դոլորեսը բացահայտում է, որ եթե Երկիրը ինքնաոչնչացման գնա՝ սա կանդրադառնա ողջ տիեզերքի վրա՝ անհանգստություն պատճառելով բոլոր էակներին:  Հենց այդ պատճառով էլ օգնության կանչեցին հոգիներին, և նրանք անմիջապես շտապեցին օգնության:  

newearth3

«Կամավորների երեք ալիքները և Նոր Երկիրը» գրքում Դոլորեսը մանրամասնում է հոգիների երեք դասերի մասին, որոնք ապրում են Երկրի վրա:

1) Առաջին ալիքը

Այս դասին են պատկանում 40-60 տարեկան կամավորները, որոնք անհանգստանում են այն վայրագության, զայրույթի ու ատելության պատճառով, որոնց նրանք ամեն օր բախվում են Երկիր մոլորակի վրա: Նրանք շատ ծանր ժամանակներ են ապրել՝ փորձելով հարմարվել որպես մարդկային արարածներ ապրելու պարտականությանը: Նրանցից շատերը փորձում են ինքասպանություն գործել:

2) Երկրորդ ալիքը

Այս երիտասարդ կամավորները, ում 40 տարին դեռևս չի բոլորել, ավելի հեշտությամբ են ապրում մարդկային մարմնի մեջ և էներգիայի փարոս են: Նրանք կարող են ազդել մյուսների վրա՝ պարզապես մոտ գտնվելով նրանց: Նրանց առաքելությունն է պարզապես կիսվել իրենց էներգիայով ուրիշների հետ: Այսպիսով նրանց միակ պարտականությունը մեր մոլորակի վրա լինելն է:

3) Երրորդ ալիքը

Նոր ժամանակի երեխաները, որոնցից շատերն արդեն դեռահասներ են, ունեն այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են Երկիր մոլորակի վերափոխումից հետո այստեղ ապրելու համար: Նրանց ԴՆԹ-ն ավելի զարգացած է, և ամենամեծ մարտահրավերը, որոնց նրանք դիմագրավում են, մարդկանց կողմից սխալ ընկալվելն է: Հենց այդ թյուրըմբռնման պատճառով էլ նրանց վերագրվում է մի հիվանդություն (ADHD), որն անհրաժեշտ է բուժել:

Հետաքրքրական է, որ Դոլորեսը նաև մանրամասնորեն գրել է Ատլանտիդայի անհետացած քաղաքակրթության մասին: Նա հայտնաբերել է, որ եղել են բազում քաղաքակրթություններ, որոնք անցյալում ոչնչացել են: 

- Ամեն անգամ, երբ մարդիկ հասնում էին այն կետին, երբ նրանք սխալ ձևով էին օգտագործում էներգիան և չէին կարողանում վերահսկել այն, նրանց կանգնեցնում էին: Ամեն անգամ ամեն ինչ նորից էր սկսվում այս մոլորակի վրա: Քաղաքակրթությունը վերադառնում էր սկզբնական պարզունակ փուլերին: Ահա թե ինչու նրանք չեն ցանկանում թույլ տալ, որպեսզի այս անգամ էլ նման բան տեղի ունենա: Նրանք չեն ցանկանում մոլորակի հետ միասին վերադառնալ սկզբնական փուլերին և մի անգամ ևս մարդկության համար նոր կյանք սկսել:

Մի պահ դադար տալուց հետո Դոլորեսը հավելեց.

- Հիպնոթերապիայի սեանսներից մեկի ժամանակ մի կին վերադարձավ Ատլանտիդա և ինձ պատմեց Ատլանտիդայի կործանման հիմնական պատճառը: Նա ասաց, որ Ատլանտիդայի ժամանակներում գիտնականներ կային: Կային և այնպիսի մարդիկ, որոնք միամտացնում էին բոլորին «Մթին Մատերիա» ասվածով: Ես տեղեկացա, որ սա նույն բանն է, ինչ ներկայիս գիտնականներն են անում, երբ միամտացնում են բոլորին Հակամատերիայի (Anti-Matter) գաղափարով: Այդ կինն ինձ ասաց, որ այս մասին իմանալը կարևոր է, քանի որ գիտնականները ներկայումս էլ միևնույն բանն են անում: Դրա վառ ապացույցն է Շվեյցարիայում կատարված Մեծ հադրոնային բախիչի  գիտափորձը: Գիտնականները հակամատերիայի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացնում: Այն գիտնականները, որոնք այժմ զբաղված են բախիչի գիտափորձով, գաղափար անգամ չունեն, թե իրենք իրականում ինչով են զբաղված, իսկ դա շատ վտանգավոր է: Եթե այդ գիտափորձերը շարունակվեին Ատլանտիդայի ժամանակ՝ Երկիրը կպայթեր: Սա բացասաբար կանդրադառնար ողջ տիեզերքի վրա, սակայն նրանք կանգ առան, նախքան ամեն ինչ այդ կետին կհասներ: Այնուամենայնիվ, Ատլանտիդայի կործանումից խուսափել չհաջողվեց: 

Երբ Դոլորեսին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց քննադատությանը, նա ասում է, որ հումորով է վերաբերվում մարդկանց այն դիտարկումներին, թե ինքը գիտական ֆանտաստիկայի ժանրի մեծ գրող է:  

- Ես ոչ մի կերպ չէի կարող այս ամենը հորինել: Ես 17 գիրք եմ հեղինակել, և այդ բոլոր գրքերը ծնվել են այն դեպքերից, որոնց ես առնչվել եմ իմ աշխատանքային պրակտիկայում: Ես չէի ճանաչում ինձ այցելած մարդկանց, մինչև նրանք կյանքի ամենաբազմազան ուղիներից ներս չմտան իմ աշխատասենյակի դռնից. տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ, քոլեջի ուսուցիչներ, քահանաներ, շամաններ և մի շարք սովորական մարդիկ: Ես չեմ հանդիպել այնպիսի մեկին, ով նախկին կյանք չի ունեցել: Երբ ես սկսեցի գրել «Ոլորուն տիեզերքը», ես ցանկանում էի իմանալ, թե արդյո՞ք որևէ մեկը կկարողանար հասկանալ այն: Երբ մարդիկ կարդում էին այս գիրքը, նրանք ասում էին. «Ես գիտեմ այս մասին և ես չգիտեմ, թե ինչպես գիտեմ, սակայն ես գիտեմ այս մասին և ես գիտեմ, որ սա ճիշտ է»:

The Edge-ին տված հարցազրույցի վերջին մասում Դոլորեսը հայտնեց իր եզրափակիչ մտքերը գիտակցության փոփոխության մասին:

- Մենք ընթանում ենք դեպի նոր հաճախականություն, որտեղ էլ լինելու է Նոր Երկիրը, և այն չափազանց գեղեցիկ է լինելու: Այս ամենը նկարագրված է գրքերում. գեղեցիկ գույներ և ամենուրեք գերիշխող սեր: Մենք հեռանում ենք Հին Երկրի բացասական լիցքերից: Սա լիակատար ու անհավատալի շրջադարձ է լինելու: Մենք բոլորս դեպի դա ենք շարժվում:  Հայտնության գրքում նշված է նոր երկնքի ու նոր երկրի մասին: Դա նույն բանն է, որ մենք ունենք հիմա: Բանն այն է, որ երբ Սուրբ Հովհաննեսը տեսել է այդ տեսիլքը, չի գիտակցել, որ դրա իրականացման համար մի քանի հազար տարի է պահանջվելու:

Ամենակարևորն այն է, որ մենք ապրում ենք տիեզերքի պատմության ամենանշանակալի ժամանակաշրջանում, և շատ կարևոր է այժմ գտնվել այստեղ: Կան հազարավոր հոգիներ, որոնք ցանկանում են գոնե մի քանի ժամով այստեղ լինել՝ այս ամենն ապրելու համար: Նրանք ասում են, որ եթե անգամ նրանք ծնվեն ու անմիջապես մահանան, նրանք կկարողանան ասել. «Ես այնտեղ էի, երբ դա կատարվեց»: Ահա թե որքան կարևոր է սա ողջ տիեզերքի համար: Այսպիսով, դուք ապրում եք մի շատ գեղեցիկ ժամանակաշրջանում, որն այլևս երբեք չի կրկնվի: