Կորեական երկու պետությունները սահմանները բացել են ընդամենը մի քանի օրով. որտե՞ղ է արդարությունը


12:45 , 22 փետրվար, 2014

Այսօր աշխարհում առկա են բազմաթիվ հակամարտություններ, որոնց բնույթը տարբեր է, բայց շատ անգամ դրանց համար շարժառիթ դարձած պատճառները նույնն են: Շատ հաճախ տեսնում ենք, որ միևնույն ժողովուրդի ներկայացուցիչներ դուրս են գալիս միմյանց դեմ՝ ինչ-ինչ պատճառներով, և ժամանակի ընթացքում նույնիսկ դառնում են ոխերիմ թշնամիներ: Նման օրինակներից մեկը Կորեայի ժողովուրդն է, որն արդեն շուրջ 60 տարի՝ կիսվել է երկու մասի` դրա համար հենարան սարքելով երկու տարբեր և իրարամերժ գաղափարախոսությունն էր, որի հիմքում ընկած է դեռ սառը պատերազմից ի վեր սկսած և այժմ էլ շարունակվող աշխարաքաղաքական պայքարը տարբեր ուժային կենտրոնների միջև: 

Այս օրերին մենք ականատեսն ենք լինում մի երևույթի, որը ոչ թե պետք է լիներ ուրախության, ոգևորության և ձեռքբերման պատճառ, այլև շատ սովորական առօրյա մի գործընթաց: Թերակղզու հարավային մասի մի խումբ բնակիչների թույլ են տվել հանդիպել Հյուսիսային Կորեայում բնակվող հարազատներին: Շուրջ 100 հոգի մեկնել է զբոսաշրջային Կիմգանսան (Ադամանդե սարեր) գոտու հյուրանոցներից մեկը, որպեսզի հանդիպի իրենցից 60 տարի բաժանված հարազատներին: Տեսարանը իրոք շատ հուզիչ է, բայց այն գնալով դառնում է ողբերգական, քանի որ շուտով նրանք պետք է կրկին բաժանվեն իրարից և գուցե այլևս չհանդիպեն: 

Պատկերացրեք՝ նման հնարավորություն այս ամբողջ տարիների ընթացում շատ քիչ մարդկանց է ընձեռվել, քանի որ մշտապես միևնույն ժողովրդի, բայց երկու երկրների հարաբերությունները մշտապես գտնվել են չափազանց լարված վիճակում: Այնպես որ, այն տասնյակ-հազարավոր մարդիկ, ովքեր դեռ սպասում են իրենց հերթին, որպեսզի կարողանան առնվազն վերջին անգամ հանդիպել թերակղզու հակառակ կողմում, կամա, թե ակամա, հայտնված իրենց բարեկամներին կարող են և այդպես ել չհասցնել հանդիպել...

Համաձայնեք, որ սա իսկական ողբերգություն է, ողբերգություն, որի հիմնական մեղավորները աշխարհի հզորների անձնական-պետական ամբիցիաներն են, որոնք թքած ունեն մարդկանց և ամբողջական ժողովուրդների զգացմունքների վրա: