Սոչի 2014. Վիկտոր Անը՝ վեցակի օլիմպիական չեմպիոն


10:56 , 22 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Սոչիի օլիմպիադայի 14-րդ օրը խաղարկվել է մեդալների 7 հավաքածու:

Քյորլինգի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալի համար խաղում Շվեդիան 6-4 հաղթել է Չինաստանին, իսկ եզրափակիչում Կանադան 9-3 հաշվով առավելության է հասել Մեծ Բրիտանիայի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալները:

Հոկեյի մրցաշարում տեղի են ունեցել կիսաեզրափակիչները: Շվեդիան 2-1 հաղթել է Ֆինլանդիային, իսկ Կանադան՝ 1-0 ԱՄՆ-ին: Շվեդիա-Կանադա եզրափակիչը կկայանա փետրվարի 23-ին:

Շորթ տրեկում մեդալների 3 հավաքածու է խաղարկվել: Տղամարդկանց 500 մետրում անգերազանցելի է եղել Ռուսաստանը ներկայացնող կորեացի Վիկտոր Անը՝ նվաճելով ոսկե մեդալ: Նրա շնորհիվ 5000 մ թիմային էստաֆետայում հաղթանակ է տարել նաև Ռուսաստանի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը, 3-րդը՝ Չինաստանը: Այսպիսով, Վիկտոր Անը Սոչիի Օլիմպիական խաղերի եռակի և ընդհանուր վեցակի օլիմպիական չեմպիոն է (3 անգամ Ռուսաստանի հավաքականի կազմքում, 3 անգամ՝ Հարավային Կորեայի): Կանանց 1000 մետրում հաղթել է կորեացի Սոն Հի Պարկը:

Կանանց ֆրիսթայլի սքի կրոսում ոսկե և արծաթե մեդալները նվաճել են կանադացիներ Մերիլ Թոմփսոնը և Կելսի Սերվան, իսկ բրոնզը բաժին է ընկել շվեդ Աննա Հոլմլունդին:

Կանանց լեռնադահուկային սովորական ոլորավայրէջքում հաղթել է ամերկացի Միկաելա Շիֆրինը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ավստրիացի մարզուհիները:

Բիաթլոնի կանանց 4 անգամ 6 կմ փոխանցումավազքում հաղթանակ է տարել Ուկրաինայի թիմը, որին հաջորդել են Ռուսաստանն ու Նորվեգիան:

14 օրվա պայքարից հետո մեդալային հաշվարկում առաջատարը Նորվեգիան է՝ 10 ոսկի, 4 արծաթ, 8 բրոնզ: 2-րդը Ռուսաստանն է՝ 9 ոսկի, 10 արծաթ, 7 բրոնզ, 3-րդը Կանադան է՝ 9 ոսկի, 10 արծաթ, 5 բրոնզ: