«Առավոտ». Հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում


08:42 , 22 փետրվար, 2014

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Հետևելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում։ Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սևացնել կամ սպիտակեցնել երևույթները և մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին։

Ըստ այդմ, Հայաստանում կա՜մ բացարձակապես դրական իրադարձություններ են կատարվում, կա՜մ ընդհանրապես ոչ մի լավ բան տեղի չի ունենում, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես դրական, սուտ է և կեղծիք։

Օրինակ՝ հայկական պլանշետները կամ «Երևան մոլը»։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ներկայացնում են կյանքի միայն վարդագույն տեսարանները, չեն ցանկանում նկատել, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին (կամ գուցե անձամբ մարզպետը) մարդ է սպանել, իսկ դատախազությունը նրանց «պլստացրել է»։

Կամ, օրինակ՝ որ երիտ-ՀՀԿ-ականներն առանց որևէ հիմքի հարձակվում են մարդկանց վրա։ Լրատվամիջոցների մի խմբում դուք ոչ մի բացասական բառ չեք գտնի այսինչ քաղաքական գործչի մասին, հակառակ խմբում՝ ոչ մի դրական բառ նույն մարդու մասին։

Նույնը՝ միջազգային իրադարձությունները լուսաբանելիս. Ուկրաինայի վերջին իրադարձությունների պարագայում նկարագրվում էին կա՜մ «Բերկուտի» դաժանությունները, որոնք իրոք սարսափելի են, կա՜մ զինված ապստամբների ոչ պակաս դաժան գործողությունները»,–գրում է թերթի խմբագիրը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։