«Սիրելիիս հաճախ չեմ լուսանկարում. դա դժվար է». Վիգեն Մնոյան


07:27 , 22 փետրվար, 2014
«Սիրելիիս հաճախ չեմ լուսանկարում. դա դժվար է». Վիգեն Մնոյան

Life.panorama.am-ը գրում է.

Վիգեն Մնոյանն արդեն 18 տարի է` զբաղվում է լուսանկարչությամբ, լուսանկարում է  ֆեշն, նյու ոճերում, կատարում է նաև բնապատկերներ: Նա այն լուսանկարիչներից է, որի ֆոտոխցիկն ամենալավն է ճանաչում հայ աստղերին: Life.panorama.am-ն փորձել է պարզել` այս տարիների ընթացքում ինչ է ֆիքսել եւ ինչ է թաքցրել այդ ֆոտոխցիկը, որոնք են  լուսանկարչի աշխատանքի նրբությունները:

-Արդեն երկար տարիներ է `աշխատում եք հայ աստղերի հետ, նրանց հետ մինչ այժմ արած ֆոտոսեսիաներից որո՞նք են ամենահաջողվածները:

- Շատ ֆոտոսեսիաներ կան, որոնք կառանձնացնեի, բայց ընդգծված կերպարներ ստացել եմ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի եւ Լոռվա գեղատեսիլ բնության գրկում  ոճաբան Արմեն Երիցյանի հետ արված ֆոտոսեսիաներում:

-Աստղերի հետ ֆոտոսեսիաներին ինչպե՞ս եք պատրաստվում. ի՞նչ նախնական  աշխատանքներ են տարվում:

-Նախ` հստակեցնում ենք` ինչ պետք է ստանանք և որ ավելի կարևոր է` ինչ նպատակով: Դրա հիման վրա փորձում ենք կերպար ստանալ:

- Հայ մոդելների առանձնահատկությունը ո՞րն է:

- Չեմ նկատել նման բան: Հայի, ռուսի կամ այլ ազգի մեջ չէ տարբերությունը, այլ կոնկրետ անձանց:

Հայ մոդելները  մերկ լուսանկարվելու արվեստին տիրապետու՞մ են:

-Իմ միակ պահանջը մոդելից այն է, որ անմարդկային ու կեղծ չլինի. մնացածն արդեն իմ գործն է (ծիծաղում է):

- Հայաստանում լուսանկարիչները լա՞վ են վաստակում: Մասնավոր պատվերներ կատարո՞ւմ եք (հարսանիք, ծնունդ...):

- Հայաստանում լուսանկարչությամբ կարելի է գումար վաստակել, եթե դու լավ մասնագետ ես` պրոֆեսիոնալ: Մասնավոր պատվերներ լինում են ավելի շատ ֆոտոսեսիաների տեսքով, բայց եթե լինում են նաև  հարսանեկան կամ այլ  հետաքրքիր առաջարկներ, չեմ հրաժարվում:

- Դուք լուսանկարում եք նյու ոճում. կպատմե՞ք վերջին աշխատանքների մասին:

-Բազմաթիվ ծրագրեր ունեմ թե´ սոցիալական ուղղվածության լուսանկարչության ասպարեզում, որը պարտադիր է իմ վերջին 10-12 տարվա աշխատանքի շրջանակներում, թե´ ավելի գլամուրային, բայց չեմ սիրում խոսել չարածի մասին. ժամանակը կգա և կպատմեմ  արդեն իրագործվող նախագծերից:

- Ի՞նչ պետք է անել, որ ֆոտոխցիկը «սիրի» մեզ:

- Պետք է լինել անկեղծ ու ազատ. տեսախցիկը  կեղծիք չի սիրում:

 Շատ եք լուսանկարում նաեւ երեխաներինայս դեպքում առանձնահատկությունը ո՞րնէ:

-Պետք է սիրես երեխային: Չնայած այն հանգամանքին, որ դժվար է լեզու գտնել նրանց հետ, ես երեխաների հետ աշխատել շատ եմ սիրում: Նրանք էլ ինձ են սիրում. արդյունքում ունենում ենք ստացված լուսանկարներ:

- Ձեր սիրելիին հաճա՞խ եք նկարում, դա հեշտ է,  թե՞ դժվար:

- Չէ, սիրելիիս հաճախ չեմ լուսանկարում. դա դժվար է, ուղղակի հաճախ հիանում եմ նրանով (ժպտում է):

 Հեղինակ Աննա Բաբաջանյան