16:34 , 21 փետրվար, 2014Քիչ առաջ պարզ դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եկել է համաձայնության՝ երկրում իրավիճակի կարգավորման շուրջ: Յանուկովիչն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ձեռնարկել վաղաժամկետ ընտրություններ և կողմ է արտահայտվել վերադառնալ 2004թ.-ի սահմանադրությանը: Հուսանք, որ այս անգամ պայմանավորվածությունը կմնա ուժի մեջ և, այսպես ասած, հրադադարը չի խախտվի «մայդանցիների» և հատուկ ջոկատայինների միջև, որում ես լուրջ կասկածում եմ:

Ուկրաինայում տիրող իրավիճակի համար, կարծում եմ՝ առաջին հերթին պետք է մեղադրել արտաքին ուժերին: Ասեմ ավելին, այս հարցում հավասարապես մեղավոր են թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները: Ուկրաինան այսօր դարձել է աշխարհաքաղաքական պայքարի կենտրոն և այդ պայքարում տուժում են հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավորները դեռ կհասցնեն զգալ իրենց մաշկի վրա, երբ այս կոնֆլիկը բարով-խերով ավարտվի այս համաձայնությունից հետո: Ինչպես քիչ առաջ նշեցի, լրջորեն կասկածում, որ այս ամենը հենց այսպես կավարտվի, բայց դե հուսանք զարգացումները կընթանան հարաբերականորեն լավագույն սցենարով:
Այսօրվա դրությամբ այս պետությունն արդեն իսկ լուրջ նյութական վնասներ է կրել, չհաշված այն փաստը, որ տեղի է ունենում օրտարերկրյա կապիտալի լուրջ արտահոսք. միջազգային ներդրողների մեծ մասը «փախչում է» Ուկրաինայից: Այս ամենը շատ լուրջ վնաս կհասցնի այս երկրի զարգացմանը՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հեռանկարում, իսկ սրա մեղավորը, իմ խորին համոզմամբ, բոլորն են, բացի ուկրաինացիներից: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման անպատասխանատվությամբ և անտարբերությամբ մոտենալ մի ամբողջ երկրի և ժողովրդի ճակատագրին:
Աբսուրդն այն է, որ Ուկրաինան մեծ հաշվով միայնակ չէ նման իրավիճակում: Այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև գտնվող բուֆերային երկրները չեն կարողանում ինքնուրույն քաղաքականություն վարել հենց այն պատճառով, որ ենթարկվում են ճնշումների՝ երկու կողմից էլ: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում ավելի խորացնել և սերտացնել հարաբերությունները Արևմուտտքի հետ, դառնում են Ռուսաստանի աչքի գրողը, իսկ հակառակ դեպքում՝ Արևմուտքինը: Ահա և այն իրավիճակը, որում հայտնվել ենք և´ մենք, և´ մնացած բոլոր այդ պետությունների ժողովուրդները: