15:05 , 21 փետրվար, 2014
Յանուկովիչը, ինչքան ուզի, կարող է զինադադարի համաձայնություն կնքել երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ, իսկ եվրոպական նախարարները ու եվրահանձնակատարները որքան ուզենան՝ կարող են հաստատել, գովել, անգամ ասել «թո-պեչատ» էդ համաձայնագրերի պահով, բայց Կիևում, մեկ ա, արյունը շարունակելու է թափվել, քանի որ Մայդանի բախումների գլխավոր դերակատարի հետ ոչ բանակցում են, ոչ էլ, մեր մեջ ասած, ինքը ցանկություն ունի բանակցելու:
Խոսքը Դմիտի Յարոշի մասին է, ով Մայդանի ուժային՝ հիմնականում ֆաշիստ-բանդերականներից բաղկացած թևի առաջնորդն է և ում կողմնակիցները անմիջականորեն են մասնակցում/հրահրում/ներգրավվում բոլոր բախումներին: Եթե հիմա հանկարծ ուժայինները ենթարկվեն Ռադայի փալասային որոշմանը ու հետ քաշվեն դեպի իրենց զորանոցներ ու հանձնեն զենքը, ապա Կիևում իսկական անարխիա ու բռնության վակխանալիա կստեղծվի, որովհետև Յարոշին, դե ֆակտո, ոչ ոք չի վերահսկում, իսկ նրա հետևում կանգնած են հարյուրավոր ագրեսիվ ու վճռական ծայրահեղականներ, որոնցից շատերը նույն բերկուտից պակաս չեն զինված:
Ընդհանրապես, քաղաքականության մասին ասում են, որ դա հնարավորի արվեստն է, իսկ այնպիսի աջ ծայրահեղականի համար, ինչպիսին «Աջ սեկտորի» առաջնորդ Յարոշն է, ապստամբության/հեղաշրջման/հեղափոխության պես իդեալական միջավայր՝ իշխանության սանդուղքով վերև սլանալու համար դժվար է պատկերացնել, առավել ևս, երբ նա արդեն զգացել է իր ուժը:
Այնպես որ, ավելի քան վստահ եմ, որ բռնություններն այս օրով չեն սահմանափակվի՝ անկախ նրանից, թե որքան կշարունակի իր դավաճանական քաղաքականությունը պաշտոնական Կիևը՝ ընդհանրապես, իսկ Յանուկովիչը՝ մասնավորապես, բայց եթե նա շարունակի փալասի կեցվածքը, իսկ ուժայինները ենթարկվեն Ռադայի որոշմանը, ապա առաջիկա օրերին առաջին բանը, որին ականատես կլինենք, դա յարոշականների կողմից իրականացվող հաշվեհարդարների ու ռեպրեսսիաների ալիքը կլինի՝ հատկապես ուժայինների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ: