09:24 , 21 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ձմեռային Օլիմպիական խաղերի 13-րդ օրը խաղարկվել է մեդալների 6 հավաքածու, կայացել են քյորլինգի կանանց և հոկեյի կանանց եզրափակիչները:
Քյորլինգում բրոնզե մեդալի համար խաղում Մեծ Բրիտանիան 6-5 հաղթել է Շվեյցարիային, իսկ եզրափակիչում Կանադան 6-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ:
Հոկեյի բրոնզե մեդալի համար խաղում Շվեյցարիան 4-3 առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, իսկ ոսկե մեդալը նվաճել է Կանադան, որը եզրափակիչում 3-2 հաշվով հաղթել է ԱՄՆ հավաքականին:
Դահուկացատկ/դահուկավազքի 4 անգամ 5 կմ թիմային մրցաշարում հաղթել են նորվեգացիները, որոնց հաջորդել են գերմանացիները և ավստրիացիները:
Գեղասահքի կանանց ազատ ոճում հաղթել է ռուս Ադելինա Սոտնիկովան: Արծաթե մեդալը նվաճել է հարավկորեացի Յունա Կիմը, բրոնզե մեդալը՝ իտալացի Կարոլինա Կոստները:
Ֆրիսթայլի սքի կրոս տղամարդկանց մրցաշարում պատվո հարթակն ամբողջությամբ զբաղեցրել են ֆրանսիացիներ՝ Ժան Ֆրեդերիկ Շապյուի, Արնո Բովոլենտա, Ջոնաթան Միդոլ, իսկ կանանց հաֆփայփում հաղթել է ամերիկացի Մեդի Բոումանը, որին հաջորդել են ֆրանսիացի Մարի Մարտինոն և ճապոնացի Այանա Օնոզուկան:
Մեդալային հաշվարկում առաջատարը Նորվեգիան է՝ 10 ոսկի, 4 արծաթ, 7 բրոնզ: ԱՄՆ-ը երկրորդն է՝ 8 ոսկի, 6 արծաթ, 11 բրոնզ: 3-րդը Գերմանիան է՝ 8 ոսկի, 4 արծաթ, 4 բրոնզ: