20:53 , 20 փետրվար, 2014
Այսօր առավոտյան Եվրոպայի հայկական միությունների Ֆորումի իրավաբանական հանձնախումբը հայտարարությունն էր տարածել, որտեղ անդրադարձ էր կատարել Նաիրիտին ու որոշ պիկանտ մանրամասներ հրապարակել: Ըստ հայտարարության՝ հեղինակների 2006-ից մինչ օրս ընկած ժամանակահտվածում իրականացվել է «Նաիրիտ» գործարանի «անգրագետ» ղեկավարում՝ կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվել են 100-միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, սխալ ղեկավարման արդյունքում գործարանում եղել են հրդեհներ ու պայթյուններ, մարդկային զոհեր։ Հատկանշական է, որ ըստ հանձնախմբի «Նաիրիտ»-ի շուրջ տեղի ունեցած խարդախությունների հիմնական պատասխանատուն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Սա, իհարկե, Նաիրիտի թեմայով առաջին նյութը չէ վարչապետի դեմ, բայց այս մեկին հատուկ և սպառիչ պատասխանել է վարչապետի մամուլի քարտուղարը ու հայտարարության հեղինակների կանխագուշակություններին ու կասկածներին հակադրել փաստաթղթեր:
«Հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բոլոր փաստերը կեղծված են եւ միտումնավոր աղավաղված՝ իրականությունն այլ տեսանկյունից ներկայացնելու համար»,- ասել է Բերբերյանը:
«Դեռեւս 2006 թվականին Կենտրոնական բանկը բառացիորեն փրկեց «Նաիրիտ» գործարանը մասնատումից եւ ակտիվների փոշիացումից, ապա բաժնետոմսերը օտարեց ՀՀ կառավարությանը՝ հանձինս «Հայգազարդ» բաժնետիրական ընկերության:
Անցած տարի կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը «Նաիրիտ» գործարանի շուրջ արհեստական եւ մտացածին շահարկումներին վերջ տալու նպատակով հանդես եկավ հայտարարությամբ, ապա ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը լրատվամիջոցների, հետաքննողների եւ Նաիրիտ գործարանի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների, անհատների համար հասանելի դարձրեց այն ողջ տեղեկատվությունը, որն արտացոլում է Նաիրիտ գործարանի պատմությունը: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած կազմակերպությանը, ապա սա արդեն ծանոթ ձեռագիր է եւ որեւէ նորություն թե ձեւի, եւ թե բովանդակության առումով չի պարունակում: Կարելի է համադրել նախկինում արված նման անհիմն եւ անպատասխանատու հայտարարությունները ձեր հիշատակած կազմակերպության տարածած տեղեկատվության հետ եւ ակնհայտ կդառնա, որ դրանց հետեւում թաքնված են նույն անձինք կամ անձը: Նաիրիտ գործարանի ճակատագրով մտահոգ, նրա պատմությամբ հետաքրքրված բոլոր կազմակերպություններին եւ անձանց համար պատրաստակամ ենք հասանելի դարձնել փաստաթղթերի ողջ փաթեթը, հուսով, որ այն կդառնա մանրակրկիտ ուսումնասիրության նյութ: (փաթեթին ծանոթանալու համար կարող եք դիմել [email protected] հասցեով)»,-ասել է Բերբերյանը:
Ստորեւ ներկայացված է «Նաիրիտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը «Հայգազարդ» ընկերության կողմից ձեռք բերելու թույլտվություն տալու մասին կառավարության որոշումը, որը կայացվել է 2006-ի օգոստոսի 18-ին:
Դե ինչ, թեման կարելի համարել փակված
