19:40 , 20 փետրվար, 2014Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ Նարեկ Մակարյանի ձայնի հզորությանը ծանոթացանք «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում…Պրոֆեսիոնալ երաժշտական դպրոց անցած երիտասարդն անմիջապես գրավեց և՛ ժյուրիին, և՛ հանդիսատեսին…
Օրեր առաջ Նարեկը առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվեց բժշկական կենտրոն, անցավ բավական բարդ վիրահատության միջով… Այսօր, երբ որոշեցի խոսել նրա հատ, հասկացա, որ լուրջ և չբուժվող հիվանդությամբ՝ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, Նարեկը դեռ չի տառապում. գտնվելով հետվիրահատական կազդուրման փուլում՝ նա սիրով անկեղծացավ Life.Panorama.am-ի հետ…
- Նարեկ, ընդամենը մեկ շաբաթ առաջ եք վիրահատվել, ինչպե՞ս եք ձեզ զգում: Գո՞հ եք հայ բժիշկներից…
- Անկեղծ ասած՝ չգիտեմ վախի առկայությունից է, թե ուղղակի ենթագիտակցորեն, բայց ես չեմ սիրում բժիշկներին… Բայց դե ստիպված եղա դիմել նրանց օգնությանը… Իհարկե, գոհ եմ, քանի որ հիմա ապաքինվում եմ…
- Արդեն կարողանո՞ւմ եք շփվել արտաքին աշխարհի հետ…
- Ոչ, ներկա պահին դեռևս տնային ռեժիմին եմ հետևում, բայց շատ շուտով պետք է դուրս գամ… Թեև բժիշկները դեմ են, բայց ես շատ չեմ լսում նրանց (ծիծաղելով)… Ինչ արած, բնավորություն է…

- Լո՞ւրջ էր խնդիրը, որ գործը հասավ վիրահատության: Հիմա ձեզ այդ առումով այլևս ոչինչ չի՞ անհանգստացնում…
- Խնդիրը շատ շուտ հասունացավ… Առաջին նշանները նկատեցի վիրահատությունից ընդամենը մի քանի օր առաջ… Կարծում էի՝ ինքն իրեն կանցնի, սակայն ցավերը սրացան: Այդ պատճառով էլ դիմեցի բժշկի… Հետազոտվելուց հետո անմիջապես վիրահատեցին…
- Կարևորը հիմա առողջ եք ու պատրաստ եք նոր եռանդով սկսել գործունեությունը… Անցնենք մեր զրույցի գործնական մասին… Նարեկ, գիտեմ, որ սերը երաժշտության, երգի նկատմամբ ձեր մեջ մանկուց է: Ինչ որ մեկը կամ ինչ-որ բան նպաստե՞լ է դրան…
- Ես երաժշտությամբ զբաղվում եմ շուրջ 12 տարի… Ես նախկինում, ինչու ոչ՝ նաև հիմա սպորտով եմ զբաղվել, ցանկանում էի պրոֆեսիոնալ սպորտ մտնել… Սակայն ծնողներս նպաստեցին, որ ընտրեմ երաժշտությունը…
- Իսկ ո՞ր սպորտաձևերն եք նախընտրում:
- Փոքր ժամանակ 4 տարի մեծ թենիսով եմ զբաղվել, այժմ բոդիբիլդինգ և լող եմ նախընտրում…
- 2014-ին ձեր հանդիսատեսին ի՞նչ նորություններով եք պատրաստվում ներկայանալ…
-Խոստացել եմ այս տարի ավելի շատ աշխատել, քան 2013-ին… Խոստումս պահելու եմ… Շուտով «Շանթ» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Պրեմիերա» նախագիծը, որտեղ ներկայացնելու եմ շատ գեղեցիկ ու հետաքրքիր երգ… Նախագծում աշխատում եմ Անդրեի հետ, ով, բացի այն, որ տաղանդավոր երգիչ է և լավ պրոդյուսեր, նաև հրաշալի մարդ է… Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա հետ…Մնացած աշխատանքների հետ կապված ասեմ,որ կարծում եմ, այս տարի կկարողանամ երեք տեսահոլովակ ներկայացնել, թեև դա բավականին ծավալուն աշխատանք է… Նաև շուտով ունկնդիրների դատին կհանձնեմ սիրածս երգերի իմ մշակումները… Մի խոսքով՝ անելու շատ բան ունեմ…

- Դուք իսկապես հզոր ձայն ունեք, ինչից ելնելով էլ՝ փառավոր ճանապարհ պետք է ունենաք… Ի՞նչը երբևիցե ձեզ կարող է տրամադրել, որ այս ճանապարհը լքեք…
- Նման բան չի կարող լինել, ոչինչ չի կարող ինձ ստիպել հրաժարվել երգից և երաժշտությունից… Սա այն ոլորտն է, որին նվիրվել եմ…Կան մարդիկ, ովքեր մտածում են՝ երգչի ճանապարհը հեշտ է: Բայց վստահեցնում եմ՝ նման բան չկա… Շա՜տ բարդ ճանապարհ է…
- Ինչպե՞ս եք վերաբերում, երբ երգիչներն իրենց ձայնը ստիպված են լինում օգտագործել ռեստորաններում և ակումբներում: Դուք նման վայրերում աշխատո՞ւմ եք:
- Ես ակումբում երգում եմ… Նորմալ եմ համարում, քանի որ երգիչը «ծառայում» է ժողովրդին ուրախացնելու կամ որևէ տրամադրություն ստեղծելու համար, ասելիք ունի տեղ հասցնելու… Եթե երգիչը երգում է ռեստորանում կամ որևէ ակումբում, դա ոչինչ չի փոխում… Նաև պետք է հաշվի առնենք այն փաստը, որ երգիչները պետք է գումար վաստակեն… Այնպես որ երևույթը նորմալ է…
- Իսկ ի՞նչն է մղում երգիչներին այնտեղ՝ մեծ փողե՞րը, թե՞ լրացուցիչ լսարանը…
- Դժվարանում եմ ասել… Մարդ կա, եկամուտի համար է աշխատում, մարդ կա՝ ուղղակի այնքան սեր ունի երաժշտության հանդեպ, որ ամեն օր ուզում է երգել… Անձամբ ես եկամուտից զատ ամեն օր ուզում եմ երգել…
- Իսկ պատրա՞ստ եք այնտեղ փոխել ձեր ոճն ու երգացանկը…
- Ո՛չ, ես երգում եմ իմ ոճի մեջ և իմ երգացանկով…
- Ի դեպ, եթե գաղտնիք չէ, ձեր կարգի երգիչը միջինը որքա՞ն է վաստակում ակումբում…
- Ես դա չեմ ցանկանա հրապարակել… Սակայն ասեմ, որ իմ եկամտի հիմնական աղբյուրը ակումբը չի: Ինչպես ասացի՝ ես այնտեղ երգում եմ, քանի որ ինձ հաճելի է ամեն օր երգելը…

- Նարեկ, ի՞նչ եք կարծում, Հայաստանում, առանց կողմնակի եկամուտի կամաշխատանքի, ձեր մասնագիտությամբ հնարավո՞ր է բարեկեցիկ ապրել:
- Այո, հնարավոր է, եթե աշխատես ճիշտ և լինես համբերատար…
- Դեռևս 21 տարեկան եք… Ինչպիսին և որտե՞ղ եք ձեր ապագան պատկերացնում…
- Ապագաս, միանշանակ, պատկերացնում եմ այնպես, ինչպես սկսել եմ՝ երգով և երաժշտությամբ, Հայաստանում… Բայց կյանքը ցույց կտա… Թեև, երգելը երբեք չեմ թողնի…
- Շառլ Ազնավուրը բավական դրական խոսքերով էր արտահայտվել ձեր մասին… Չե՞քուզում հանդիպում նախաձեռնել մեծ հայի հետ…
- Շատ եմ ուզում, ու Աստված տա՝ երազանքներիցս այս մեկը իրականանա. կցանկանայի ՄԱԵՍՏՐՈՅԻ հետ զուգերգ կատարել…
- Իսկ երազանքները շա՞տ են…
- Այո… Մեկն այն է, որ իմ բնագավառում հասնեմ նրան, ինչին ձգտում եմ…Նաև ցանկանում եմ, որ ապրենք խաղաղ Հայաստանում և ունենանք լավ ապագա… Երիտասարդները չլքեն մեր հայրենիքը…
- … «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելուց, ավելի մեծ ճանաչում ու սեր ձեռքբերելուց հետո ի՞նչ փոխվեց ձեր կյանքում…
- Կտրուկ բարձրացավ պատասխանատվությանս զգացումը… Եթե առաջ ես որոշ չափով սխալվելու իրավունք ունեի, ապա հիմա այլևս չունեմ, քանի որ Հայաստանում և սփյուռքում հիմա ինձ ավելի շատ են ճանաչում, հետևում են գործունեությանս… Եթե ինձ մարդիկ սիրել են այնպես, ինչպես ներկայացել եմ «Հայաստանի ձայն»-ում, ապա ես չեմ ուզում փոխել իմ երաժշտական ուղղվածությունը. փոփ, ուրեմն փոփ…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ