Նեմեցի համբալները գիտեին, որ Նեմեցն ամեն ինչ կանի, որ մեղմ հոդվածներ առաջադրվեն


17:19 , 30 հունիս, 2012

«Չորրորդ ինքնիշխանությունը» ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա. «Նեմեցին չեն կալանավորել: Եվ ամեն անգամ այսպես է լինում: Օլիգարխի մոտ համբալ աշխատողներին, նման դեպքերում, կալանավորում և մի քանի տարի իբր անազատության մեջ են պահում: Տխուր վիճակագրություն է, բայց փաստ` համբալները շակալի նման հարձակվում են չկզող քաղաքացու վրա այն դեպքում, երբ գիտակցում են, որ գործատուն, տվյալ պարագայում` Ռուբեն Հայրապետյանը, կանգնած է «իրենց մեջքին»: Վահեին սպանելով` Նեմեցի համբալները կասկած չեն ունեցել, որ Նեմեցն առաջին փուլում ամեն ինչ կանի, որ մեղմ հոդվածներ առաջադրվեն, ապա ամեն ինչ կանի, որ դատարանում նրանք նվազագույն պատիժը ստանան, հետո էլ բերդում տիրություն կանի, ու մարդասպաններն իրենց գործատուի «պրախոդով» հանգիստ կֆռֆռան գաղութում` հարկ եդած դեպքում լավ տղա «աշխատելով»:
Ռուբեն Հայրապետյանին պետք է զրկել մանդատից, պետք է գրկել խայտառակ անելով` հասարակական պարսավանքի ենթարկելով: Ռուբեն Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև Նեմեցին սպասարկող համբալներն ու նրանց ընտանիքները պետք է չկարողանան տնից դուրս գալ և այս քաղաքում հանգիստ խղճով քայլել:
Ռուբեն Հայրապետյանին ու նրա ընտանիքին պատկանող բիզնեսը` «Հարսնաքար» ռեստորանը պետք է փակել` որպես սպանդանոց: Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ ռեստորան կոչված այս շենքում մարդկային ճակատագրեր են խեղվում:
Ռուբեն Հայրապետյանին պետք է կանչել պատասխանատվության: Նա է պատասխանատու իր վարձու մարդասպանների գործողությունների համար, որովհետև անվտանգության աշխատակիցը առաջնորդվում է բացառապես «շեֆի» ցուցումներով:

Սերժ Սարգսյանը պարտավոր է շատ արագ որոշում կայացնել՝ մանդատից զրկել Նեմեցին, փակել տալ «Հարսնաքարը», ապա անկախ և օբյեկտիվ արդարադատության սկզբունքի շրջանակներում դատարան հանձնել Հայրապետյանին: Եթե ոչ, ուրեմն՝ հասարակությունը բոլոր իրավունքները կունենա կայացնելու իր արդարադատություն՝ նախ հրապարակային արձանագրելով և ի գիտություն ընդունելով, որ ՎԱՀԵԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌՈւԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ»: