Նման ցինիկ հայտարարության կարող էր անել միայն ԱՄՆ-ի նախագահը


13:35 , 20 փետրվար, 2014

Ուկրաինայում շարունակվում են բախումները կառավարության հատուկ ջոկատայինների և ընդդիմության ինքնակազմակերպված զինյալների միջև` չնայած այն բանի, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վլադիմիր Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը պայմանավորվել են զինադադարի և բանակցային գործընթացի սկսման մասին՝ արյունահեղությունը դադարեցնելու նպատակով: Մեծ հաշվով, իրավիճակն Ուկրաինայում զինված հակամարտության տեսանկյունից մնում է անփոփոխ, իսկ երկիրը ընդհանուր առմամբ ավելի ու ավելի է խորասուզվում քաոսի մեջ, որը երկիրը վերադարձնում է միջնադար: Չկա որևէ ինչ-որ լուրջ առաջընթաց կամ էլ զարգացում, որ հնարավոր լինի նորովի ներկայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը, քան այն, ինչ մենք վերջերս ներկայացրել ենք, սակայն այս համատեքստում Օբաման Մեքսիկայի Տոլուկա քաղաքում՝ Մեքսիկայի և Կանադայի առաջնորդների հետ հանդիպումից հետո, արել է այնպիսի հայտարարություն, որին չանդրադառնալը պարզապես մեղք է: 

Այսպիսով, Օբաման ասել է մասնավորապես հետևյալը. «Ուկրաինայի կառավարությունը գլխավոր մարմինն է, որը պետք է օժանդակի անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ բռնությունից խուսափելու համար: Անհրաժեշտ է, որ քաղաքի փողոցներից դուրս գան հատուկջոկատայինները, իսկ իշխանությունները պետք է աշխատեն ընդդիմության հետ: Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և երկրում ժողովրդավարության հաստատման համար»: Իսկ վերջում, մեկնաբանելով Յանուկովիչի կառավարության և ընդդիմության միջև հրադադարի հաստատումը, ԱՄՆ նախագահն ասել է, որ դա կարող է հնարավորություն ընձեռել հակամարտության լուծման համար։ «Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և երկրում ժողովրդավարության հաստատման համար»: 

Նման ցինիկ հայտարարության թերևս կարող էր անել միայն ԱՄՆ-ի նախագահը: Ախր մի կողմից ասում են այն, որ կառավարությունը գլխավոր մարմին է և պետք է ելք գտնի բռնությունները արդարացնելու համար, մյուս կողմից ասում են՝ ուժ մի կիրառեք: Ինձ անկեղծ հետաքրքրում է, թե ինչպես է դա պատկերացնում Արևմուտքը, առավելևս այն դեպքում, երբ կառավարության և ընդդիմության վերջին համաձայնությունից հետո Ուկրաինայի ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարեց, որ իր «Պրավիյ սեկտոր» կազմակերպությունը մտադիր չէ զինադադար պահպանել և դեռ մի բան էլ խոստացավ, որ շարունակելու է «ապստամբած ժողովրդի» դիմադրությունը: Հիշեցման կարգով էլ ասեմ, որ այսօր այդ «ապստամբած ժողովրդի», կամ էլ ընդդիմաիր զինյալների մեծ մասը վերահսկվում են ոչ թե Կլիչկոյի կամ էլ Յացենյուկի կողմից, այլ աջ ծայրահեղականների: 

Հիմա տարրական հարց է առաջանում: Եթե պայմանականորեն ասած ընդդիմությունը շարունակում է իր զինված պայքարը իշխանությունների դեմ՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Ըստ Օբամայի՝ այն պետք է կայունացնի իրավիճակը Ուկրաինայում` Կիևից հանելով ոստիկանությանը և հատուկ ջոկատայիններին: Բայց ախր մյուս կողմից, եթե Ուկրաինայի իշխանությունները ուժ չեն կիրառում կամ, ավելի ճիշտ, դիմադրություն ցույց չեն տալիս, խախտվում է հասարակական կարգը, իսկ եթե խախտվում է հասարակական կարգը, դրա արդյունքում կարող են տուժել և այժմ էլ տուժում են բազմաթիվ անմեղ մարդիկ, իսկ նման պայմաններում, եթե իշխանությունները չեն կարողանում կանխել այդ իրավիճակը ստացվում է, որ նրանք ապաշնորհ են, իսկ Ուկրաինան էլ «ձախողված երկիր» (failed state): Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ նման հանգամանքներում, երբ պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական երկրի քաղաքացիներին` պահպանելով հասարակական կարգը, որի արդյունքում խախտվում են մարդու իրավունքերը, ներառյալ կյանքի իրավունքը, և դրա արդյունքում էլ տեղի են ունենում նաև մարդկության հանդեպ հանցագործության դեպքեր, միջազգային հանրությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի և կիրառի «Պաշտպանելու պարտավորություն» նորմը (R2P), որը միջազգային ներգրավվածություն է՝ պաշտպանելու համար մարդկային կյանքն ու արժանապատվությունը: 

Սրանից բխում է նաև մեկ այլ տարրական հարց: Հիմա ի՞նչ, ԱՄՆ-ն կամ էլ, ավելի պատկերավոր ասած Արևմուտքը, ուզում է Ուկրաինան դարձնել «ձախողված պետությո՞ւն», որպեսզի կարողանա ներխուժել այդ երկրի տարա՞ծք: Գուցե մեծ հաշվով չափն անցնում ենք նման ենթադրություններ անելով, բայց մարդ չգիտի՝ ինչ մտածի այս պարագայում, բայց ինչպես ժամանակին սիրված ֆիլմում էր ասվում, «меня терзают смутные сомнения...»: