15:32 , 30 հունիս, 2012Կամ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերից սպասելիքներս նվազել են, կամ իսկապես հրաշալի ֆիլմ էր: Կապ չունի, որ գիրքը կարդացել էի, որ գիտեի` «հետո ինչ է լինելու»: Շունչս պահած մինչև վերջ նայեցի:
Ի տարբերություն գրքի, ֆիլմն ավելի հուզիչ էր սարքած: Բնականաբար, գրքից որոշ հատվածներ պիտի դուրս մղվեին: Առաջին հերթին դրանք այն անկարևոր, ձանձրալի մասերն էին, որոնց մասին գրքի մասին գրելիս նշել եմ: Հետո դուրս էին մնացել նաև Օսկարի տատիկ-պապիկի նամակները, ու նրանց պատմությունը շատ կցկտուր է ներկայացվում ֆիլմում: Այսինքն, գործ ենք ունենում միայն առաջին տրավմայի հետ: Կինոդիտողն այդպես էլ չի հասկանում, թե ինչու է պապիկն ամուսնացել տատիկի հետ և ինչու է լքել նրան, ինչու է տատիկն այդպես հմտորեն թաքցնում նրան: Ասենք, հաշվի առնելով ֆիլմի սահմանափակն հնարավորությունները` Դրեզդենի ռմբակոծության տրավման մի ամբողջ առանձին ֆիլմի նյութ է: Մեկ էլ ի տարբերություն գրքի, էստեղ չկար 103 տարեկան պարոն Բլեքը: Նրա փոխարեն Օսկարին ուղեկցում էր պապիկը, իսկ պապիկի հետևելն ու մոր` բոլոր Բլեքերին զանգելը միավորել էին. Օսկարի մայրը նախապես գնում էր բոլոր տները:
Ֆիլմի վերջն էլ էր մի պուճուր ուրիշ: Չնայած երկու դեպքում էլ արդյունքը տրավմայից ապաքինումն է, ֆիլմում մի փոքրիկ ուրիշ դետալ կար, որն ինձ նույնիսկ ավելի դուր եկավ: Թե ինչ էր, պարզեք ինքներդ :)
Սա 2011-ի այն քիչ հայտնի կինոներից էր, որ չէի հասցրել Խրոնինգենում նայել, որովհետև երբ հայտնվեց կինոթատրոններում, ես արդեն ճամպրուկներս էի դասավորում, որ հեռանամ: Ու մի տեսակ խղճիս վրա նստել էր: Բայց ամեն դեպքում լավ եղավ, որ գիրքը կարդալուց հետո դիտեցի: Անպայման խորհուրդ կտամ: Ամեն ինչից առաջ թրեյլերը նայեք: Հենց դա էր վեց ամիս առաջ ինձ էնքան գրավել, որ որոշել էի անպայման կինոթատրոնում նայել: