09:24 , 19 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կայացած գեղասահքի թիմային մրցումներից հետո Ճապոնիայի հավաքականի մարզիկներ Մաո Ասադան և Ակիկո Սուզուկին ուղևորվել էին Հայաստան՝ իրենց պարապմունքները շարունակելու նպատակով:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ճապոնացի մարզիկները երկար չեն մնացել, քանի որ այստեղ «չափազանց ցուրտ էր»:
Ըստ գործակալության՝ Ճապոնիայի հավաքականի մարզիկները Սոչիից Հայաստան էին ուղևորվել փետրվարի 10-ին, իսկ վերադարձել նախատեսվածից շատ ավելի վաղ՝ փետրվարի 15-ին:
Ճապոնիայի մարզիկները Հայաստան էին ուղևորվել այն պատճառով, որ առկա էր Սոչիից Հայաստան ուղիղ չվերթ, իսկ Ճապոնիայի մարզական ֆեդերացիան Հայաստանում ճամբար էր անցկացրել անցյալ տարվա սեպտեմբերին:
Ասադան և Սուզուկին որևէ մեկնաբանություն չէին ներկայացրել այն պայմանների վերաբերյալ, որոնց հետ իրենք առնչվել են Հայաստանում, սակայն գեղասահքի աշխարհի հնգակի և օլիմպիական կրկնակի չեմպիոն Միշել Քվանի խոսքով՝ ցուրտ պայմանները չեն կարող չազդել գեղասահքով զբաղվող մարզիկների վրա:
«Անհնար է աշխատել: Մարզվելը շատ է դժվարանում»,- ասել է Քվանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գեղասահքով զբաղվող մարզիկներին խանգարո՞ւմ են տաք պայմանները, գեղասահքի աշխարհի հնգակի չեմպիոն Քվանն ասել է. «Դա երբեք տեղի չի ունենում»: