Օլիմպիական չեմպիոնը նաև ազգային հերոս է


02:04 , 18 փետրվար, 2014

Մինչ Սոչիում շարունակվում է ձմեռային օլիմպիադան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օլիմպիական եռակի չեմպիոն Դարյա Դոմրաչևային երկրի հերոսի կոչում է շնորհել: Իր երրորդ ոսկին Դոմրաչևան նվաճել է մասս-սթարթի ժամանակ: 
«Ողջ Բելառուսը հիացած է քո նոր հաղթանակով: Մենք անկեղծորեն հավատում էինք քեզ, և դու ապացուցեցիր, որ աշխարհում լավագույնն ես: Շնորհակալություն քո նվիրած ուրախության համար: Երջանկություն, առողջություն և հաջողություն»,- նշել է նախագահը շնորհավորական ուղերձում։
Իսկ Սոչիում, թիմային հաշվարկով, առաջատարը շարունակում է մնալ Գերմանիայի հավաքականը՝ ութ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալներով։
Հնգական ոսկե մեդալ են նվաճել Ռուսաստանի, Նիդերլանդների, ԱՄՆ–ի, Նորվեգիայի, Շվեյցարիայի ու Բելառուսի մարզիկները։
Ռուսները, թիմային հաշվարկով, երկրորդն են՝ ունենալով նաև յոթ արծաթե ու վեց բրոնզե մեդալներ։
Երրորդում Նիդերլանդներն են, ովքեր նվաճել են նաև հինգ արծաթե ու յոթ բրոնզե մեդալներ։
Խաղերի տասնմեկ օրերի ընթացքում խաղարկվել է 181 մեդալ, որը բաժին է հասել 26 երկրների ներկայացուցիչների։