Երբ Վրաստանի նախագահը առաջինը այցելում է Ադրբեջան, դրանում նյուանս կա. դիվանագետ


22:06 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Որքան էլ Վրաստանը փորձի հայտարարել, թե Հայաստանին և Ադրբեջանին հավասարապես է վերաբերվում, այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ առաջինը Ադրբեջան կատարած այցը հակառակն է ապացուցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Շատ կարևոր է, թե երկրի ղեկավար ընտրվելուց հետո տվյալ անձը տարածաշրջանային որ երկիր է առաջինը մեկնում: Նույնը՝ դեսպանների մակարդակով. երբ դեսպանը գալիս է մի երկիր, հսկայական նշանակություն ունի, թե նա ինչ հերթականությամբ և որ երկրների դեսպանատներ է այցելում: Դա քաղաքական ակցիա է, և ոչ՝ սովորական արարողակարգ: 

Ամեն դեպքում, երբ Մարգվելաշվիլին առաջինը մեկնում է Ադրբեջան, դրանում նյուանս կա: Ես չեմ հավատա, եթե նա ասի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան է դնում»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:

Արման Նավասարդյանի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունները շատ նման են մարդկային հարաբերություններին: «Երբ Նոր տարուն վեր եք կենում, ո՞ւմ տուն եք առաջինը հյուր գնում. իհարկե՝ ամենահարազատի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի էր ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի այցը Ադրբեջան: Այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը գոհունակություն էին հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ: