21:25 , 17 փետրվար, 2014
Ընդդիմադիր քաղաքական ուժերը անկարող լինելով գտնել երկիրը վերափոխման տանող ուղին, թերմտածված պայքարի արդյունքում ունեցան հեղինակության անկում այն աստիճանի, որ մարդիկ նրանց հետ քիչ հույսեր են կապում: Ասպարեզը հիմա քաղաքացիական նախաձեռնություններինն է: Սոցիալական խնդիրների լուծման առումով գուցե թե ճիշտ մարտավարություն է, բայց քաղաքական հարցադրումներն են մնում անարձագանք, և այն տպավորությունն է ստեղծվում, թե մենք «միայն հացիվ» ժողովուրդ ենք:
Ահավասիկ՝ մեզ բառի բուն իմաստով քշում են Մաքսային Միություն, որտեղ ո՛չ կարգին արժեհամակարգ կա, ո՛չ ինքնության պահպանման երաշխիք, բայց ահա հանրությունը մունջ է այնպես, ասես ի՛ր ճակատագիրը չէ, որ որոշում են հյուսիսներում:
Կամ այս մեկը՝ մի քանի օրից մարտիմեկյան սպանդի վեցերորդ տարին է լրանում, սակայն մի քանի հարյուր մարդուց բացի դա այլոց չի հուզում: Իսկ ահա կենսաթոշակային փոփոխությունների դեմ պայքարը, որ հաջող մեկնարկ ուներ մայրաքաղաքում, արդեն տեղափոխվում- թափանցում է շրջաններ: Խոսք է գնում համազգային գործադուլ իրականացնելու մասին: Ու երևի թե ստացվի:
Ինչ խոսք, գովելի է, որ կա նման ակտիվություն, որը վկայում է այն մասին, թե հանրությունը վերջնականապես չի տրվել թմբիրին: Բայց երբ զննում ես հանրության ընդհանրական պատկերը, ապա այն մխիթարող չէ և տպավորություն է ստեղծվում, թե մենք շարժվում ենք տեղից միայն այն դեպքում, երբ մեր գրպանին են կպնում: Բայց չէ՞ որ մարդը գրպանից զատ նաև անձնական ու ազգային արժանապատվության զգացում է ունենում: