Երեխաների վրա արված փորձը ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ հոգու խորքում ռասիստ են


15:12 , 17 փետրվար, 2014

«Տիկնիկների գիտափորձը» կատարվել է 1939 թ.-ին՝ Դոկտոր Քենեթ Քլարկի և նրա կին Մեմի Քլարկի կողմից: Գիտափորձի մասնակիցները երեխաներ էին: Քլարկ ամուսինները նրանց  երկու տիկնիկ էին առաջարկում: Տիկնիկներից մեկը սպիտակամորթ երեխայի նմանությամբ էր, մյուսը՝ սևամորթ: Մաշկի գույնը տիկնիկների միջև առկա միակ տարբերությունն էր: Գիտափորձին մասնակցող երեխաների մեծամասնությունը կարծում էր, որ սպիտակ տիկնիկը ավելի գեղեցիկ է: 

1954 թ.-ին այս գիտափորձը մեծ ազդեցություն ունեցավ «Բրաունն ընդդեմ ուսումնական խորհրդի» դատական գործի լուծման վրա: Այս գիտափորձի արդյունքները օգնեցին համոզել Ամերիկայի Գերագույն  դատարանին, որ սևամորթ և սպիտակամորթ աշակերտների համար նախատեսված դպրոցներում գործնականում հավասար պայմաններ չէին ապահովվում, հետևաբար այդ դպրոցներում խախտվում էր գործող օրենքը: Գիտափորձի ընթացքում Քլարկը 6-9 տարեկան երեխաներին հետևյալ առաջադրանքներն էր տալիս.

1. Ցույց տուր ինձ այն տիկնիկը, որին ամենից շատ ես հավանում, կամ որով կցանկանայիր խաղալ:

2. Ցույց տուր այն տիկնիկը, որը գեղեցիկ է: 

3. Ցույց տուր այն տիկնիկը, որը վատ տեսք ունի:

4. Տուր ինձ այն տիկնիկը, որը նման է սպիտակ երեխայի:

5. Տուր ինձ այն տիկնիկը, որը նման է նեգր երեխայի:

6. Տուր ինձ այն տիկնիկը, որը նման է քեզ:

Մինչև 1960-ականները «նեգր» բառը սովորական էր համարվում սևամորթների շրջանում: Վերջին հարցը ամենացավալին էր, քանի որ նախքան այդ հարցին հասնելը, սևամորթ երեխաների մեծ մասը արդեն մատնանշել էին սև տիկնիկին որպես վատ տեսք ունեցող տիկնիկ: 1950 թ.-ին գիտափորձի մասնակիցների 44%-ը ասել էր, որ սպիտակ տիկնիկը նման էր իրենց: Դրան նախորդող գիտափորձերի ժամանակ, այնուամենայնիվ, բազմաթիվ երեխաներ հրաժարվում էին ընտրել տիկնիկներից որևէ մեկին: Նրանք պարզապես արտասվում էին և դուրս վազում սենյակից:

How Racism Affects Children: The Doll Test

Իր հետազոտություններից մեկի շրջանակներում Քլարկը անցկացրեց այս գիտափորձը Ամերիկայի տարբեր քաղաքներում բնակվող 300 երեխաների շրջանում: Նա հայտնաբերեց, որ այն սևամորթ երեխաները, ովքեր հաճախում էին սեգրեգացված դպրոցներ, ավելի հաճախ էին սպիտակ տիկնիկին մատնանշում իբրև գեղեցիկ տիկնիկ: Ժամանակին կար 2 տեսակի դպրոց. դպրոցներ, որտեղ սպիտակամորթ ու սևամորթ երեխաները սովորում էին միասին, և դպրոցներ, որոնք նախատեսված էին միայն սպիտակամորթ կամ միայն սևամորթ երեխաների համար: 2-րդ տեսակի դպրոցները կոչվում էին սեգրեգացված: Այն թեստը, որի արդյունքները օգտագործվեցին «Բրաունն ընդդեմ ուսումնական խորհրդի» դատական գործում, կատարվել է Հարավային Կարոլինայի Քլերենդոն շրջանում: Այս գիտափորձին մասնակցել է 16 սևամորթ երեխա: Երեխաների 63 տոկոսը նշել է, որ սպիտակ տիկնիկն է գեղեցիկ և որ հենց այդ տիկնիկով նրանք կցանկանային խաղալ: Քլարկը նաև խնդրել է երեխաներին ներկել մի նկար, որոնցում պատկերված էին հենց իրենք: Երեխաների մեծամասնությունը ընտրել է շագանակագույնի այնպիսի երանգ, որը զգալիորեն ավելի բաց է եղել իրենց մաշկի գույնից:

2005 թ.-ին Քիրի Դեյվիսը Հարլեմում կրկնեց այս գիտափորձը և գիտափորձի ընթացքում նկարահանված կադրերն օգտագործեց «Ինձ պես աղջիկ» կարճամետրաժ կինոնկարում: Քիրիի գիտափորձին մասնակցում էր 21 երեխա: 21 երեխայից 15-ը նախընտրեցին սպիտակ տիկնիկին: Անշուշտ, պետք է ընդունել, որ մասնակիցների ընդհանուր թիվը մեծ չէ: Այնուամենայնիվ, պարզապես ապշեցուցիչ էր տեսնել, որ մասնակիցների մեծամասնությունը խուսափում էր սև տիկնիկից:  

2009 թ.-ին ABC հեռուստաընկերության Good Morning America հեռուստաշոուն ևս անցկացրեց նմանատիպ հետազոտություն: Մասնակիցները Վիրջինիա նահանգի 19 սևամորթ երեխաներ էին: Այս հետազոտությունը նախորդ փորձարկումներից տարբերվում էր նրանով, որ վերջին առաջադրանքը (Տուր ինձ այն տիկնիկը, որը նման է քեզ) տրվում էր ամենասկզբում: «Ո՞ր տիկնիկն է գեղեցիկ» հարցին ի պատասխան՝ տղաները ասում էին՝ երկուսն էլ, սակայն աղջիկների 47 տոկոսը նշում էր, որ սպիտակ տիկնիկն է գեղեցիկ: