14:08 , 17 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Անթույլատրելի է, որ Հայաստանում ԱՊՊԱ պետք է անցնեն անգամ տարիներ առաջ վաճառված, այլևս քեզ չպատկանող և քո կողմից չշահագործվող ավտոմեքենաները: Իրավիճակն ավելի է բարդացնում նոտարներում առքուվաճառքը վկայող համապատասխան արխիվների, բազաների բացակայությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ավտովարորդ Սարգիս Մաճկարյանը՝ հավելելով, որ իրենց չպատկանող ավտոմեքենաները չապահովագրելու համար բազմաթիվ ավտովարորդների, նաև իրեն տասը օրը մեկ 5000 դրամով տուգանում են:
«Մեքենաս վաճառել եմ 1998 թվականին, դրանից հետո չգիտեմ՝ գնողը վերավաճառել է այն, քանդել, ավտոմասերը հանել, թե ինչ է արել: Հիմա ուր որ դիմում եմ, այդ թվում՝ ոստիկանություն, գտնելու նախկին մեքենաս և այն մարդուն, որը տարիներ առաջ գնել է այն, ասում են՝ գնա, որտեղից ուզում ես՝ մեքենայիդ առքուվաճառքի թղթերը բեր: Եթե իմանայի, որ նման խնդրի առաջ եմ կանգնելու, այն ժամանակ գոնե Պեպոյի բարաթ կգրեի: Խնդրում եմ վարչապետին, որ մի ձևով լուծի մեր հարցը: Թող թեկուզ մեկ անգամ տուգանեն մեզ, հետո սրանով գործը փակվի, ոչ թե տասը օրը մեկ տուգանք ներկայացնեն»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի ավտովարորդների պաշտպանության լիգայի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ նման խնդրով հարյուրավոր վարորդների է ճանաչում: «Ճանապարհային ոստիկանության, Ապահովագրական բյուրոյի և ՀԿ-ների միջև պետք է հատուկ մարմին ստեղծվի, որը կլուծի այս հարցը: Ինչ վերաբերում է օրեցօր ավելացող տեսախցիկներին, ապա մենք պահանջում և խնդրում ենք, որ ճանապարհային ոստիկանությանը կից գանգատարկման հանձնաժողով բացվի»,- ասաց նա: