Իսրայելյան Պետախ Տիկվայում մտադիր են տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան


10:46 , 17 փետրվար, 2014

Իսրայելյան Պետախ Տիկվայում մտադիր են տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանPanarmenian.net-ը գրում է.

Պետախ Տիկվայում է բնակվում Իսրայեի ամենաբազմամարդ հայ համայնքը: Հիմնականում այստեղ ապրում են այն հայերը, որոնք Իսրայելում են հաստատվել վերադարձի մասին օրենքով, ի տարբերություն Երուսաղեմի, որտեղ հայերը բնակվում են դարեր ի վեր: Ընդհանուր առմամբ Պետախ Տիկվայում հայերի քանակը հասնում է 2000, ինչը բավականին մեծ թիվ է: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ:

Հանդիպմանը ներկա էին երեք հայկական ՝ «Նաիրի», «Նոյան տապան» և «Արարատ» կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում նրանք ներկայացվեցին քաղաքապետին, պայմանավորվեցին համագործակցության մասին, ներկայացրեցին իրենց նախագծերը: Արտեմ Չերնոմորյանը, մասնավորապես, պատմեց այն Բարեպաշտ հայերի մասին, որոնք փրկել են հրեաներին նացիստներից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Նոյան տապանի» ներկայացուցիչներ Դավիթ Գալֆայանն ու Ռոբերտ Օհանյանը ներկայացրեցին երեկոյան հայկական դպրոցի և հայկական պարերի ուսուցման խմբակի իրենց նախագծերը: «Արարատի» ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանը և «Նոյան տապանի» ներկայացուցիչ Ռոբերտ Օհանյանը Իցհակ Բրավերմանի հետ քննարկեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը Պետախ Տիկվայում:

Յադ Վաշեմի հուշահամալիրի «Խաղաղության բարեպաշտների» ցուցակում 10 հայ կա՝ Արա Ջերեձյան (1981), Երվանդ և Էլբիս Բերեքչյաններ (1982), Արամ և Ֆելիցիա Թաշչյաններ (1992), Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններ և նրանց դուստր Բերտան (1993), Քնարիկ Շահբազյան, Վարդան Մկրտչյան (1999), Գրիգոր Թաշչյանի ընտանիք (2002), Հարութ Քեշիշյան և Նատալիա Զագորույկո (2003), Աշխեն Հակոբյան (2010), Ջորջ Դիլսիզյան որդու՝ Անդրե-Գյուստավի հետ (2011):

1963 թ. «Աշխարհի բարեպաշտների» հանձնաժողովի ստեղծումից հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների փրկության համար մեդալների է արժանացել 23 հազար մարդ աշխարհի 44 երկրներից:

15 տարի շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները՝ Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական խմբի անդամները, տարբեր խմբակցությունների պատգամավորներ, փորձել են խորհրդարանի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: 2012 թվականին Քնեսեթում առաջին անգամ քննարկվեց Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում ներկայացրեց Մերեց կուսակցությունը, այն հանձնվեց կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկման: