Ալո, ես եմ, վայ, չէ՝ ես չեմ


14:14 , 16 փետրվար, 2014

no altArmtimes.com-ը գրում է.

Մարտի մեկին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս նախօրեին ՀԱԿ ակտիվիստներին էին մոտեցել մի խումբ անձինք եւ պահանջել դադարեցնել թռուցիկներ բաժանելը:

Վերոհիշյալ անձիք ակտիվիստների ձեռքից խլել են թռուցիկները եւ քաշքշուկ սարքել: Միջադեպին հեռվից հետեւող ոստիկանները քիչ հետո մոտեցել են ակտիվիստներին եւ, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Երեկ համացանցում հայտնվեց միջադեպից հետո պահպանված եւս մեկ  տեսանյութ, որում հստակ երեւում է, թե ինչպես են «բարեվարքված» ոստիկանները բռնություն կիրառում լրագրողի նկատմամբ: Սկզբում Վարդան Գեւորգյանը, ով հայտնին է որպես Մարտի 1-ի գործով ձերբակալվածների դեմ ցուցմունք տվող ոստիկան, փորձում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձեռքից խլել տեսախցիկը, բայց ապարդյուն: Նրան «օգնության» են հասնում մյուս ոստիկանները. որոշում են բերման ենթարկել լրագրողին: Երեկ ՀՀ ոստիկանություն գրավոր հարցում ուղարկեցինք հետեւյալ բովանդակությամբ. «Ինչու՞ է ոստիկանը նպատակադրված փորձում խլել լրագրողի տեսախցիկը: Արդյո՞ք Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել է, թե՞ ոչ»: Օրվա վերջում ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ ծառայողական քննություն նշանակվել է:

Ինչպես արդեն գրել ենք, այս միջադեպի նախորդ  տեսանյութից, որը հրապարակվեց հենց միջադեպի օրը, պարզ դարձավ, որ ակտիվիստների վրա հարձակվող անձինք  երիտհանրապետականներ են: Մասնավորապես, քաշքշուկ հրահրող անձինք էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի դասախոս Հայկ Հովսեփյանը, Գեւորգ Սողոմոնյանը, նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը, ուսխորհրդի անդամ Դանիել Հայրապետյանը եւ այլք: Այս նույն երիտասարդներն ակտիվ խոչընդոտում էին անցյալ տարի դասադուլ հայտարարած ուսանողներին եւ ակտիվիստներին, իրեր նետում լրագրողների ուղղությամբ: Երեկ զրուցեցինք Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանի հետ: Վերջինս մի քանի անգամ ճշտեց, թե ով է անհանգստացնում իրեն, ապա հաստատեց, որ ինքը  Հայկ Ղեւոնդյանն է: Սակայն, հարցերի ընթացքում էլ՝ հերքեց.

- Հայկ, երեկ  Մաշտոցի պողոտայում (նախօրեին) ձեր, ձեր ընկերների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ վիճաբանություն է եղել, քաշքշուկ եք հրահրել: Ի՞նչն էր պատճառը:

- Բայց ի՞նչ քաշքշուկ, ես երեկ չեմ մասնակցել ըդտեղ, տեղյակ չեմ եղել:

- Հրապարակված տեսանյութ կա, որտեղ դուք նույնպես մասնակցում եք վիճաբանությանը:

- Ուրեմն սխալ ա, ինչ ասեմ: Սխալ եք զանգել: Ազգանունը ինչ ասի՞ք (նկատի ունի իր ազգանունը):

- Դուք ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը չե՞ք:

- Չէ:

- Այդ դեպքում` ո՞վ եք:

- Ուղղակի ուսանող եմ ես, ո՞վ ա իմ համարը տվել:

Այնուհետեւ նա կախեց լսափողը: Ի դեպ, վերջինս երեկ իր ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը ջնջել էր` թողնելով միայն այնպիսի նկարներ, որոնցով հնարավոր չէր իրեն նույնականացնել: Ֆեյսբուքյան էջից բոլոր նկարները ջնջել էր նաեւ նույն համալսարանի ուսխորհրդի անդամներից Դանիել Հայրապետյանը, ով նույնպես նախօրեին մասնակցում էր քաշքշուկին:

 Երեկ փորձեցինք զրուցել նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանի հետ, ով նույնպես այս միջադեպի հերոսներից է: Երբ վերջինիս տեղեկացրեցին, որ «ՀԺ»-ից են հարցնում, նա խնդրեց փոխանցել, որ խառն է, ավելի ուշ հետ կզանգի: Աշխատակիցը խնդրեց հեռախոսահամար թողնել: Բնականաբար, հետ չզանգեց եւ մեր հետագա զանգերին էլ չպատասխանեց: Հակառակը տարօրինակ կլիներ՝ չէ որ լրագրող Անի Գեւորգյանը ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ իր սենյակ է մտել Արտակ Պողոսյանը, ապտակել իրեն եւ ձեռքից խլել հեռախոսը: «Հետ զանգելու» դեպքում ոստիկանապետը պետք է պատասխաներ հարցերին՝ ինչ իրավունք ուներ այդպես վարվելու, եւ արդյո՞ք պետք է եզրակացնել, որ  իր շեֆի հայտարարությունները, թե իրենք այլեւս չեն ծեծում, սուտ են ստացվում:

Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին ՀՀ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հասարակության` անցորդների, փողոցով երթեւեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով` կատարել են խուլիգանություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ինչ վերաբերում է լրագրող Անի Գեւորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն»: Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հնարավոր է  նյութեր նախապատրաստվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողը բողոքել է ոստիկանության ներկայացուցիչների գործողություններից: