22:59 , 15 փետրվար, 2014
Lurer.am-ը գրում է.
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ հերթական համագումարը, որից լրագրողների հետ զրույցում իր համար շատ կարևոր խնդիր բարձրաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
«Այն տղաները, որ երկիրը պահեցին, պատերազմը հաղթեցին` իրենց կյանքի ու ընկերների արյան գնով, էսօր հաց են մուրում, փոխանակ էսօր պետք է վայելեին»,- ասում է պատգամավորը և նշում, որ ինքը ցավ է զգում ազատամարտիկների` այսօրվա անապահով կյանքի համար:
Ինչ վերաբերում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով ներկա պահին կալանավորված է խարդախության մեղադրանքով, ասաց.
«Ես Վոլոդյայից չեմ հավատում նման բան, ես Վոլոդյային անձամբ լավ ճանաչում եմ: Մոտ ընկերներ ենք, նույն զորամասում ծառայել ենք, ինքը կյանք է դրել էս երկրի պետության ստեղծման, պետության կայացման ու բանակի շինարարության մեջ ու հանկարծ փողով զինվոր ուզի ազատել»:
Ռուստամ Գասպարյանի խոսքով` Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություններ են ներկայացրել, բայց այն արդյունք չի տվել. «Մենք ստորագրել ենք, ուրիշ ի՞նչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը: