Այդ մեծ ձեռքբերումը փորձում են սևացնել. Սերժ Սարգսյանը՝ գազային պայմանագրերի մասին


17:53 , 15 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երկրապահ կամավորականների միության համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան ՌԴ-ի հետ գազի պայմանագրերին վերաբերող հարցին, նախ նշեց, որ գազի պայմանագիրը հաստատվել է ԱԺ-ի կողմից և այն մտել է ուժի մեջ, համաձայնեց, որ հանրության մեջ տարատեսակ անհանգստություններ կան, ապա նշեց, որ այդ մեծ ձեռքբերումը փորձում են սևացնել։

«Որովհետև շատ մարդիկ ելնելով տարբեր պատճառներից չեն ցանկանում ճշմարտությունն ասել, այդ մեծ ձեռքբերումը փորձում են սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է նման պայմանագիր կնքել, փորձում են ամեն ինչ գլխի վրա շուռ տալ և մեզ ներկայացնել վատ ձևով»,- ասաց նա։


Սերժ Սարգսյանն անդրադարձավ բոլոր արծարծվող հարցերին հերթականությամբ՝ սկսելով գազի գնից։


«Նախ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է, իմ համոզմամբ՝ գազի գինն է։ Երբևէ լսե՞լ եք, որ այս բանավիճողները խոսեն գազի գնի մասին և ասեն, որ եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել ու ասեն էն մեկն է վատը, էն մեկն է վատը ու էն մեկը։ Իսկ եթե լավ գին ենք սահմանել, թող ասեն՝ այո՛, գինը լավ էր, բայց այստեղ, այստեղ սխալներ կան։ Բայց չեն խոսում, որովհետև այդ գինն ամենածանրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության»,- նշեց նա։


Նախագահն անդրադարձավ նրան, որ այդ պայմանագրով գազի գինը հինգ տարի մնալու է նույնը՝ ռուսական ներքին գնին համարժեք։ «Մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին, սա լավ է, թե վատ, իհարկե, մեզ համար լավ է, մեզ չկամեցողների համար՝ վատ»,-նշեց նա։


Հաջորդ դիտարկումը պարտքերի մասին խոսակցությունն էր։ «Խոսվում է պարտքերի մասին, տարբեր որակումներ են տալիս։ Կան մարդիկ, որոնց հիշողությունը դավաճանում է, և փորձում են ասել, որ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն և այլն։ Որ իբր մենք թաքուն բանակցություն ենք վարել։ Մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես մեկ տասնյակին մոտ հայտարարություն եմ արել այս թեմայով և 2011թ-ից սկսած մշտապես ասել եմ, որ ՀՀ սպառողների համար գազի գինը չի թանկանալու։ Ի՞նչ է նշանակում, եթե այդպիսի բան ես ասում, պետք է հասկանալ, որ հնարավոր է, պետության համար, հիմնարկի համար ներկրող գազի գինը թանկանա, բայց ՀՀ սպառողների համար գազը չի թանկանա, և այդպես էլ երկու տարի եղավ»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ