Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն օրերս հանրությանը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը, որի շնորհանդեսն ուղեկցվեց էթնո-ջազ համերգային ծրագրով: Life.panorama.am-ը երաժիշտի հետ զրուցել է նրա ծրագրերի, ԱՄՆ-ում աշխատելու, պապի աջակցության մասին, ինչպես նաև անդրադարձել է նրա կյանքի ամենավառ պահերին:
-Վերջերս հանրությանը ներկայացրիք Ձեր առաջին ձայնասկավառակը` Roots խորագրով: Որքա՞ն ժամանակում եք պատրաստել CD-ն, ի՞նչ հանգամանք կառանձնացնեիք այն բնութագրելիս:
-Ձայնասկավառակը պատրաստելը տևեց մեկ տարի: CD-ն ձայնագրվել է Երևանում: Դրանում ներառված են 12 ստեղծագործություններ, որոնք անդրադառնում են հայկական երաժշտության արմատներին` ժամանակակից մշակմամբ: Գործիքավորումը կատարվել է 4 դուդուկի համար: Մի հետաքրքիր բան, կա` Ջիվան Գասպարյան ավագի հնարած բաս-դուդուկի նվագակցությունը: Գործիքավորումն արել են պապիկս և կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը:
-Շուտով կթողարկեք նաև ձեր երկրորդ ձայնասկավառակը, որի համար 8 ստեղծագործություն արդեն ձայնագրել եք, այս մեկն ինչո՞վ է առանձնանալու նախորդից:
-Նոր սկավառակը ներառելու է բոլորովին այլ ժանրի երաժշտություններ` ջազ, բլյուզ: Այն պատրաստվելու է 50-60-ականների ջազային ոճով:
-Դուդուկով փող վաստակելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծված են Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում:
-ԱՄՆ-ում աշխատանքային հեռանկարներն ավելի տեսանելի են. լինում են առաջարկներ ֆիլմերից, տրվում է տարբեր հայտնի ակումբումներում հանդես գալու հնարավորություն: Բայց պետք է նկատել նաև, որ վարձատրվելու հանգամանքը կախված է երաժիշտից, նրա հայտնի լինելուց: Փող վաստակելու առումով շահեկան են համերգները: Եթե նախկինում ալբոմներ թողարկելու միջոցով հնարավոր էր լավ վաստակել, այսօր համացանցը մեծապես խոչընդոտում է այդ գործընթացին:
