00:17 , 15 փետրվար, 2014
Խորհրդարանական ոչ իշխանական փոքրամասնությունը, որը նախաձեռնել է կառավարության անվստահության հարցը, սեփական ուժերով խնդիրը լուծել չի կարող։
Ըստ ամենայնի՝ ընդդիմությունը չունի նաև այս նախաձեռնության զարգացմանն ուղղված գործողութունների համաձայնեցված պլան։
Այսօր, սակայն, երկու հարցազրույց մասնակիորեն լույս են սփռում խորհրդարանական փոքրամասնության մարտավարության վրա։
«Միշտ էլ, երբ որ փոփոխություն է կատարվել, դա եղել է նաև իշխանության մեջ առկա ողջամիտ մարդկանց աջակցության շնորհիվ»,-ընդգծել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը զարգացնում է գործընկերոջ կարծիքը։ «Կամաց-կամաց և՛ խորհրդարանում, և՛ երկրում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, երբ անգամ ՀՀԿ-ի մեծամասնությունից շատերը կպոկվեն՝ հասկանալով, որ այլևս պատրաստ չեն քրեական այս վարչախմբի մեղքերն իրենց վրա վերցնել»,-ասել է նա։
Այսինքն, ընդդիմության հույսն այն է, որ իշխանության ռեսուրսը կփոշիանա՝ ցնցումներ առաջացնելով խորհդարանական մեծամասնության շրջանում։
Մի անգամ Հայաստանում նման բան եղել է՝ 1998–ին, երբ հաշված օրերի ընթացքում խորհրդարանական ընդդիմությունն երկրապահացավ։
Այսօրվա Հայաստանում, սակայն, իշխանության ռեսուրսի փոշիացման հեռանկար չկա։
Նախ, իշխանության բուրգը մոնոլիտ է՝ ենթակա Բաղրամյան 26–ին, ապա նաև որևէ նախադրյալ չկա, որ փողոցը կարող է վերահսկողությունից դուրս գալ. մեր հասարակությունն ու ընդդիմությունը նման պոտենցիալ չունեն։
ԱԺ առաջիկա քառօրյայում ականատեսն ենք լինելու լոկալ «ընդվզման», որը զարգացման ռեսուրս չունի։