23:41 , 14 փետրվար, 2014
Slaq.am-ը գրում է.
Սուրբ Վալենտին: Ամբողջ աշխարհում այս անունը կապվում է սիրո և սիրահարների հետ: Այսօր՝ փետրվարի 14-ին, նշվում է Սուրբ Վալենտինի՝ բոլոր սիրահարների տոնը:
Այս գեղեցիկ տոնի արմատները գալիս են Հռոմեական կայսրության ժամանակներից: Ըստ լեգենդի հռոմեական կայսր Կլավդի 2-ը հրաման է արձակում և արգելում է երիտասարդներին ամուսնանալ՝ գտնելով որ այդպես երիտասարդ տղամարդիկ ավելի անձնվիրաբար կկռվեն կայսրության համար: Այդ ժամանակ Վալենտինը հասարակ քահանա էր: Խղճալով երիտասարդներին, նա բոլորից գաղտնի ամուսնացնում է սիրող զույգերին: Շուտով նրա «հանդգնության» մասին տեղեկանում է կայսրը և հրամայում է բանտարկել, այնուհետև մահապատժի ենթարկել բարերար քահանային: Բանտում քահանան ծանոթանում է բանտապետի աղջկա՝ գեղեցկուհի Ջուլիայի հետ և սիրահարվում է նրան: 269 թ.-ի փետրվարի 14-ին նրան սպանում են: Մահապատժից առաջ Վալենտինը նամակով սիրո խոստովանություն է անում իր սիրած աղջկան: Նամակի ներքևում գրում է «Քո Վալենտին»:
Հետագայում Հռոմի պապ Գելասին փոխարինում է հեթանոսական Լուպերկալի տոնը (տոնը նշվում էր փետրվարի 15-ին) Սուրբ Վալենտինի օրով: Քանի որ քահանա Վալենտինին մահապատժի էին ենթարկել փետրվարի 14-ին, սիրահարների օրը սկսեցին նշել հենց այդ օրը: Սիրահարների տոնը նշվում է այն մարդու պատվին ով երիտասարդ սիրահարների համար զոհվեց և միայն նամակով կարողացավ հայտնել իր սիրելիին իր սիրո մասին:
Հիմա այս տոնը նշվում է գրեթե բոլորի կողմից: Ավանդույթի համաձայն, սիրահարները իրար նամակներ են գրում, որտեղ խոստովանում են իրենց մեծ սիրո մասին: Իսկ նամակի ներքևում գրվում է սիրո մեծ բարերար Սուրբ Վալենտինի խոսքերը՝ «Քո Վալենտին»:
Իսկ թե ինչպես են Երևանում տոնում Սուրբ Վալենտինի տոնը, առաջարկում ենք դատել լուսանկարներով:





