22:33 , 14 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական և միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշել են, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ և դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ