Իսպանիա-Պորտուգալիա խաղին ժամանած ղրղզը ամբողջ 120 րոպե քնել է տրիբունայում


15:13 , 29 հունիս, 2012

Առավոտում մի մազալու նյութ կարդացի: 
«Դոնբաս Արենայում»` Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ եղել է մի պահ, երբ տրիբունայում նստած ֆուտբոլասերների ուշադրությունը մի քանի րոպեով շեղվեց խաղադաշտում ծավալվող իրադարձություններից: Դրա «մեղավորը» մի ղրղզ էր, որը նույնպես Դոնեցկ էր եկել Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավոր «Կոկա-Կոլայի»` իրենց երկրում կազմակերպած ակցիայում շահելու շնորհիվ: 

Այս մարդը, որը հաստատ ֆուտբոլի հետ բացարձակապես կապ չուներ, օրվա ընթացքում հասցրել էր մի քանի բաժակ գցել ու… հանդիպումն սկսվելու պահից մինչեւ ավարտը, հարմար տեղավորված իր աթոռին, անուշ-անուշ քնել է՝ անհաղորդ «ֆուտբոլային խենթությանը»: 

Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրա քունը խանգարել ի վիճակի չեն եղել ոչ կողքի մարդկանց գոռում-գոչյունները, ոչ էլ հարեւան սեկտորն ամբողջությամբ զբաղեցրած իսպանացի ֆուտբոլասերների թմբուկների դղրդյունն ու վուզուվելաների ականջ ծակող շչակները: