Փետրվարի 15-ի մեծ տոնակատարությունների ժամանակացույց


18:09 , 14 փետրվար, 2014

Ինչ միջոցառումներ են նախատեսվում վաղը՝ Սուրբ Սարգսի տոնինQahana.am-ը գրում է.

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին:

1. Սուրբ Պատարագ, մասունքների երկրպագություն

Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները:
Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեցի կողմից գրված Ավետարանը: 
Փետրվարի 15-ին՝ ժ. 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել Սուրբ Սարգսի բարեխոսությունը:

2. Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում 
Փետրվարի 15-ին` ժ. 13.00-ին, Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես: 
Բացման հանդիսավոր արարողությունը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
3. Ցուցահանդես Նկարիչների միության տանը

Փետրվարի 15-ին` ժ. 13.40-ին, Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:

Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահներ Անահիտ Մխիթարյանը և Ղազար Միրզոյանը:

4. Հանդիսավոր խաչապտույտ

Փետրվարի 15-ին՝ ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ:
Խաչապտույտի երթուղին՝ Առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցի-Ս. Մեսրոպ Մաշտոց պողոտա- Բաղրամյան պողոտա-Սիրահարների պուրակ:

5. «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»:

Սկիզբը՝ ժ. 15.30-ին:
Ներկայությամբ՝ , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի: 

Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:

Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:
Նույն օրը երիտասարդների օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում: