ԱՄՆ-ում ձնաբքի զոհ է դարձել 22 մարդ


16:08 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի արևելքն իր իշխանության տակ առած ձնաբքի հետևանքով մահացել է 22 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն: Եղանակային վատ պայմանների պատճառով երեկ հաղորդվել է 13 զոհի մասին:

16 նահանգներում և Կոլումբիայի շրջանում առանց էլեկտրականության է մնում շուրջ 525 հազար տնտեսություն: ԱՄՆ տարածքում չեղյալ է հայտարարվել 1070 ավիաչվերթ, ևս 258-ը՝ հետաձգվել:

Հինգշաբթի երեկոյան հյուսիսարևելյան նահանգներում գրանցվել են ձյան առատ տեղումներ: Նյու Յորքի Բրոնքս շրջանում ձյան ծածկույթի հաստությունը կազմում է 28 սմ, իսկ Ֆերֆիլդում (Կոնեկտիկուտ)՝ 35 սմ: 38 սմ հաստությամբ ձյուն է տեղացել Բալթիմորում: Մասաչուսեթսում՝ Բերքշիրի լեռներում, սպասվում է 60 սմ տեղումներ:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ուրբաթ երեկոյան փոթորիկը կլքի Նոր Անգլիան և կշարժվի Կանադայի ուղղությամբ: Հանգստյան օրերին սպասվում է ևս մեկ մթնոլորտային հոսանքի ներթափանցում, որի հետևանքով կրկին ձյուն կտեղա: