16:50 , 14 փետրվար, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 Սենսաբո թունել
Սենսաբո թունելը կառուցվել է Թենեսիում՝ 1920 թ.-ին: Այն անվանվել է ի պատիվ թունելի տարածքի տիրոջ՝ Էդվարդ Սենսաբոյի: Քանի որ այս վայրի հետ կապված տարբեր առասպելներ կան, Էդվարդը դրանցից յուրաքանչյուրում տարբեր կերպ է պատկերվում: Ըստ առասպելներից մեկի՝ Էդը թույլ է տվել, որպեսզի մի անօթևան մարդ մտնի իր տուն: Այդ անօթևան հյուրը Էդի տնից փորձել է զարդեր գողանալ, ինչի համար էլ Էդը ատրճանակով սպառնացել է նրան: Գողը հասցրել է իր գիրկն առնել Էդի փոքրիկ դստերը և նրան վահանի պես պահելով՝ պաշտպանվել է հնարավոր կրակոցներից ու ճողոպրել: Նա հետագայում երեխային խեղդել է թունելում: Մի այլ առասպելում, Էդը պատկերվում է իբրև խելագար, ով սպանել է իր ողջ ընտանիքին, այդ թվում՝ երեխային, և նրանց դիակները նետել թունելի մեջ: Ասում են, որ այդ երեխայի ուրվականը այսօր էլ շրջում է թունելում:
Տեղաբնակներն ասում են, որ եթե մեքենադ կանգնեցնես թունելի մեջտեղում, հետո չես կարողանա գործի գցել մեքենայի շարժիչը: Թունելում լսվում է երեխայի լացը և Էդի ոտնաձայները: «Հարավային պետությունների պարանորմալ հետազոտությունների հասարակություն» ընկերությունը մի հետազոտություն իրականացրեց, որի արդյունքներից բխում էր, որ այնտեղ ոչ մի ուրվական էլ չկա: Այդ դեպքում ինչո՞ւ է այս թունելն ուրվականների կողմից հալածված վայր համարվում: Այս հարցի պատասխանը բավականին հետաքրքիր է: Էդվարդ Սենսաբոն շատ երկար է ապրել (նա մահացել է 1950 թ.-ին): Նրա երեխաներից ոչ մեկն էլ չի մահացել փոքր հասակում: Երբ Էդը տարիք առավ, տեսավ, որ վանդալները և շեղված դեռահասները ինչ ասես, որ չէին անում թունելում: Նրանք ապականում էին թունելը: Այդ հանգամանքը մտահոգում էր Էդին: Էդը կարողանում էր ճշգրտորեն արտաբերել կենդանիների ձայներ: Նա թաքնվում էր թունելի անկյուններից մեկում ու սարսափելի ձայներ հանում՝ վախեցնելով թունելի վանդալներին:

Մասաչուսեթսում գտնվող Հուսաք թունելը հետաքրքիր ճարտարապետական շինություն է: Երբ 1876 թ.-ին բացվեց թունելը, այն Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար թունելն էր և աշխարհի երկրորդ ամենաերկար թունելը: Այնուամենայնիվ 19-րդ դարում այս թունելը վտանգավոր վայր էր: Նախքան թունելի շինարարության ավարտը Հուսեք թունելը հասցրել էր ստանալ Բլադի Փիթ (թարգմանաբար՝ արյունոտ խրամատ) մականունը: Շինարարության ժամանակ բազմաթիվ դժբախտ պատահարներ էին տեղի ունենում: Դրանցից թերևս ամենասարսափելին տեղի ունեցավ 1867 թ.-ի հոկտեմբերի 17-ին: Թունելում պայթյուն տեղի ունեցավ: Արդյունքում հրդեհ բռնկվեց, շինարարական աղբն ու կրակի մատնված շինանյութերը թափվեցին գլխավոր հորանն ի վար: Այս պատահարի արդյունքում մահացավ 13 մարդ, իսկ 24 տարի տևած ողջ շինարարության ընթացքում՝ 195 մարդ:
Ուրվականների մասին խոսակցությունները տարածվեցին դեռևս մինչև թունելի կառուցման ավարտը: 1865 թ.-ին թունելում աշխատում էր երեք ինժեներ՝ Բրիքմենը, Նեշը և Քելլին: Քելլին սպանեց իր երկու կոլեգաներին և դրանից կարճ ժամանակ անց անհետացավ: Հետագայում նրան գտան թունելում խեղդամահ եղած: Այդպես էլ չպարզվեց, թե ով էր Քելլիին սպանել: Հնարավոր է, որ Քելլիին սպանել էին Բրիքմենի և Նեշի ընկերները՝ նրանից վրեժ լուծելու համար: Այնուամենայնիվ, շատերը հավատում էին, որ նրան սպանել էին թունելի շինարարության ընթացքում մահացած մարդկանց հոգիները:
Թունելի աշխատողները պատմում էին, որ ցավի հառաչանքներ էին լսում թունելում և վախենում էին գիշերով թունել մտնել: 1867 թ.-ի պատահարից հետո մարդիկ ասում էին, որ իրենց աչքին հանքափորներ էին երևացել: Այս պատմության թերևս միակ լուսավոր կետն այն է, որ ուրվականները միշտ չէ, որ չար էին: 1970-ականներին թունելում աշխատող Ջո Իմպոկոն ասել է, որ ուրվականները երկու անգամ զգուշացրել են իրեն սպառնացող վտանգի մասին և փրկել իրեն:
Օհայոյում գտնվող Մունվիլ քաղաքը վաղուց արդեն մոռացված կլիներ, եթե չլիներ այնտեղի երկաթուղային թունելը: Ներկայումս Մունվիլը լքված քաղաք է, իսկ 1870 թ.-ին այս փոքրիկ քաղաքի բնակչության թիվը հասնում էր 100-ի: Թունելի շուրջ տեղակայված երկաթգիծը ասես մահացու թակարդ լիներ: Այն շատ բարակ էր և անվտանգ չէր երթևեկության համար: մարդ Գնացքի տակ ընկնելով՝ այստեղ մահացավ հինգ մարդ: Մահվան վերջին դեպքը գրանցվել է 1986 թ.-ին:
Երկաթգիծը շահագործումից դուրս է եկել, սակայն մի տխրահռչակ ուրվական դեռևս օգտվում է դրանից: Այդ ուրվականի մասին տարբեր խոսակցություններ կան: Ոմանք ասում են, որ նա պարզապես մի հարբեցող էր: Երբ նա լսում էր մոտեցող գնացքի ձայները, իր ձեռքի լապտերը թափահարելով, փորձում էր կանգնեցնել գնացքը: Մի անգամ նա գնացքի տակ ընկավ և մահացավ: Ասում են, որ նրա ուրվականը դեռևս այնտեղ է: Այնտեղ հաճախ ինչ-որ խորհրդավոր լույս է առկայծում: Ասում են, որ դա հենց լապտերի լույսն է:
Ասում են, որ Վիրջինիայում գտնվող Չըրչ Հիլի երկաթուղային թունելում ոչ միայն ուրվական, այլև վամպիր կա: Թունելն առաջին անգամ բացվել է 1873 թ.-ին: 1902 թ.-ին թունելը փակվեց: Երբ 1920-ականներին քաղաքի բնակչության թիվն աճեց, տեղի երկաթուղային ընկերությունը որոշեց վերաբացել 1200 մետր երկարությամբ այս թունելը: Շահագործման հանձնելուց առաջ հարկ էր մաքրել թունելը և որոշ շինարարական աշխատանքներ կատարել: 1925 թ. հոկտեմբերի 2-ին թունելում 200 մարդ էր աշխատում: Նրանք թունելի տանիքի շինարարական աշխատանքներով էին զբաղված: Շինարարական ինչ-որ սխալի արդյունքում թունելը փլուզվեց: Պատահարի արդյունքում գրանցվեցին զոհեր:
Դիակներից մի քանիսը դեռևս թունելում են մնացել: Այդ պատահարից հետո թունելի մեջ ավազ են լցրել և դեպի թունել տանող մուտքը ցեմենտել են: Թունելի մոտակայքում եղած մարդիկ հայտնել են, որ այդ կողմերում իրենց ականջին տարբեր ձայներ են լսվում. մեկն ասում է՝ դուրս հանիր ինձ, մինչ կողքից հնչում է ինչ-որ մեկի հառաչանքը: Ասում են, որ մոտակա գերեզմանոցի վամպիրը՝ հայտնի Ռիչմոնդի վամպիր անունով, մեծ կերուխում է արել թունելի շինարարների դիակներով: Փլուզումից մի քանի օր անց փրկարարները գտել են նրան դիակներից մեկի վրա կռթնած: Նրանք չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, մինչև որ չեն տեսել նրա արյունոտ ժանիքները: Նրանք հետապնդել են վամպիրին մինչև գերեզմանոցը, սակայն չեն կարողացել բռնել նրան: Այդ ժամանակից ի վեր գերեզմանոցը փակել են և այնտեղի դիակները հեռացվել են գերեզմանոցից: Շատերն ասում են, որ հնարավոր է, որ թունելի մոտակայքում հնչող ձայները ոչ թե ուրվականների ձայներն են, այլ վամպիրների:
Նիագարա ջրվեժի մոտակայքում գտնվող Սկրիմինգ թունելի (թարգմանաբար՝ Ճչացող թունել) առասպելը մի դժբախտ աղջկա մասին է: Նա ապրում էր թունելից դեպի հարավ ընկած ագարակատանը: Մի գիշեր նրա տանը հրդեհ բռնկվեց: Այրվող շորերով նա մի կերպ դուրս վազեց տնից: Նա հասավ թունելին ու ընկավ գետնին: Հենց այդ պահին էլ նա անհետացավ: Ըստ մի այլ առասպելի՝ նրան դիտավորյալ վառել էր նրա զայրացած հայրը: Կա և մի երրորդ առասպել, որում նշվում է, որ նրան բռնաբարել են և վառել թունելում՝ հանցանշանները վերացնելու համար: Առասպելում նշվում է, որ եթե կանգնես թունելի կենտրոնում և լուցկի վառես, լուցկին կհանգի և կսկսի հնչել մահացող աղջկա ճիչը: Այստեղից էլ բխում է թունելի անվանումը: