13:20 , 14 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումն անց է կացվել Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ 168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգևոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր, հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաև նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաև խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի: