12:24 , 14 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այս պահին կաթնամթերքի գների բարձրացման մասին խոսք լինել չի կարող: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Ղուկաս Բունիաթյանը` հավելելով, որ մեկ ամիս առաջ գների բարձրացման մասին բարձրաձայնել են, քանի որ միջազգային շուկայում նախատեսվում էր չոր կաթի, կարագի և հումքի այլ տեսակների գնաճ:
«Համաշխարհային շուկայում հումքի թանկացման մասին հիմա չի խոսվում, իսկ եթե գնաճ լինի, հավանաբար, կվերանայվեն հայկական կաթնամթերքի գները»,- ընդգծեց Ղ.Բունիաթյանը:
Անդրադառնալով կաթի մթերման ծավալներին, նա նշեց, որ կաթի արտադրության ծավալները խիստ տատանվում են տարվա տարբեր ամիսներին: Կաթի ամենաքիչ քանակությունը ստացվում է ձմռան ամիսներին:
«Երբ կովերի ծինը սկսվի, բնականաբար, կաթի քանակը կավելանա, իսկ դա նշանակում է, որ հումքի ավելացմանը զուգահեռ` կաթնամթերքի գների աճ տեղի չի ունենա»,- ասաց նա:
Սակայն Ղ. Բունիաթյանը բացառեց, որ կաթի ծավալների ավելացման դեպքում կաթնամթերքի գները կնվազեն: «Դա անհնարին է»:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի դրոշմակնքմանը, Ղ.Բունիաթյանը նշեց, որ դեռ չեն կարող ասել` այդ դեպքում գների բարձրացում կլինի, թե ոչ:
«Երբ կաթնամթերքի վրա դրոշմապիտակ լինի, դրանից հետո նոր կքննարկենք, կտեսնենք: Բայց ընդհանուր առմամբ` գների բարձացման մասին խոսակցություն այս պահին չկա»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ