10:56 , 14 փետրվար, 2014
Երեկ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը քննադատել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը։
Ի դեպ, Հայաստանի ԱԳ բոլոր նախկին նախարարները այս հարցում համանման դիրքորոշում ունեն, ինչն ավելի է ամրապնդում իմ այն տեսակետը, որ նախագահ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունն ադեկվատ չէ երկրի զարգացման հրամայականին։
Սակայն Օսկանյանի դիրքորոշումն ոչ թե վերջակետեր է դնում, այլ՝ նոր հարցեր ծնում։
Օսկանյանը ԲՀԿ անդամ է, եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ԱԳ անփոփոխ նախարարը։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ամենանվաստացուցիչն էին։ Հենց այդ փուլում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանը հրապարակավ անվանեցին ֆորպոստ։
Արդյո՞ք այն օրերին էլ ՀՀ ԱԳ նախարարը նախագահից տարբերվող տեսակետ է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների հարցում, թե Քոչարյանը նույնպես վերանայել է իր կարծիքն այս հարցում։
ԲՀԿ-ն նույնպես հանդես է եկել ռուսամետ դիրքերից։ Օսկանյանի երեկվա ասածը կուսակցակա՞ն տեսակետ է, թե մասնավոր։
Եթե Քոչարյանն ու ԲՀԿ-–ն, որոնք ասոցացվում են Օսկանյանի հետ, իսկապես դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանն, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց տեսակետների այս էական շրջադարձը։
Եթե Օսկանյանի տեսակետն անձնական է, ապա կարելի՞ է սպասել, որ ԱԳ նախկին նախարարն ինքնուրույն քաղաքական պրոյեկտ է սկսել։
Սրանք էական հարցեր են, որոնց պատասխանները կփորձեմ ձևակերպել առաջիկայում՝ ուշադիր լսելով նաև ընկերներիս արձագանքը։