01:06 , 14 փետրվար, 2014
Հայ անվանի դերասան Աշոտ Ադամյանը ծնվել է 1953թ. փետրվարի 14-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը: 1975-79թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Հենրիկ Մալյանի արվեստանոցում: 1987թ. ընդունվել է Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր` Ռոլան Բիկովի արվեստանոց և ստացել կինոբեմադրիչի մասնագիտություն: Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում` «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»: Դերասանական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, երբ նկարահանվել է Ա.Մանարյանի «Եվս 5 օր» գեղարվեստական ֆիլմում: Հետագայում խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում, որոնցում եղել է գլխավոր դերակատար. Թորիկ` Հ. Մալյանի «Կտոր մը երկինք», Օբերոն` Ա. Մկրտչյանի «Հին օրերի երգը», Հայկ Մայդերոսով` Գ. Մելիք-Ավագյանի «Վերադարձման գինը», Գիդ-վարորդ` Ա. Էգոյանի «Օրացույց», Վարորդ` Բ. Հովհաննիսյանի «Տերը», Տիգրան և Աշոտ` Ռ. Քոչարի «Արահետ», Պողիկտոս` Խ.Չալիկյանի «Սև սպիտակ ծիածան», Յուսուֆ` Դ.Մաթևոսյանի «Թշնամիներ», Տիրան` Խ.Չալիկյանի «Անպոչ ճգնավոր» և այլն: 1980թ. եղել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմնադիրներից, որտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում` գեղարվեստական ղեկավար: Բեմադրել է Դեմիրճյանի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները: 1982թ-ից Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, 1997թ-ից` «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է: 1996թ. ձայնագրել է առաջին «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որը ներկայացնում է հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ: 1998թ. Լոս Անջելեսում բեմադրել և խաղացել է Արամունու «Պողոս քեռու այցը», 2005թ. Երևանում` Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները: 2002թ. Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին` ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը: 2008թ. եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրանում իրականացրել է Վ.Սարոյանի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ: 2009թ. խաղացել է Հ.Մաթևոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Զբաղվում է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ: 2010թ. «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակի կապակցությամբ, Դ.Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը: