00:12 , 14 փետրվար, 2014
Ուկրաինայում հրապարակվել են ուշագրավ սոցհարցման արդյունքներ, որոնք վկայում են, որ գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նախագահական արտահերթ ընտրությունների դեպքում, անխուսափելիորեն կորցնելու է աթոռը՝ պարտվելով ընդդիմության բոլոր լիդերներին։
Ըստ նույն հարցումների՝ ընդդիմության ճամբարում ամենահեղինակավորը ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն է։ Այսպես, եթե երկրորդ փուլում Յանուկովիչը մրցի Վիտալի Կլիչկոյի հետ, ապա աշխարհահռչակ բռնցքամարտիկը կստանա քվեների 64, իսկ գործող նախագահը՝ միայն 36 տոկոսը։
Ընդդիմադիր լիդերների մեջ՝ ըստ վարկանիշի, երկրորդը «շոկոլադային» մագնատ, միլիարդատեր Պյոտոր Պորոշենկոն է։ Եթե ընդդիմությունը կարողանա հասնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը, ապա Պյոտր Պորոշենկոն կստանա ձայների 62 տոկոսը` քվեարկության երկրորդ փուլում հայտնվելու դեպքում, իհարկե:
«Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկն էլ երկրորդ փուլում հայտնվելու դեպքում Յանուկովիչին կհաղթի քվեների 58-41 տոկոսային հարաբերակցությամբ: Գրեթե նույն վարկանիշն ունի նույն կուսակցության հիմնադիր, ներկայումս ազատազրկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։
Ազգայնականների առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը Յանուկովիչի հետ դեմ առ դեմ ընտրական մենամարտի դեպքում կստանա քվեների 54 տոկոսը։
Այս թվերը խոսում են երկու իրողության մասին։
Նախ, ուկրաինական քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար՝ արտահերթ ընտրությունները, կարծես թե, անխուսափելի են։
Եվ երկրորդ, ապագա իշխանության կայունության տեսակետից՝ գրեթե անհրաժեշտություն է ՈւԴԱՌ և «Բատկիվշչինա» կուսակցությունների կոալիցիան։