Միթե իտալացիները հայերից շատ ավելի հիմար են


23:30 , 13 փետրվար, 2014

Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է վարչապետի հրաժարականի պահանջներին՝ «Հասկանալի չէ, թե ինչ շահեր են հետապնդում, ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը»: Այսինքն՝ ինչ իմաստ ունի վարչապետ ու կառավարություն փոխել, եթե հաջորդ վարչապետն եւ կառավարությունը էլի ներկայացնելու են նույն կուսակցությունը կամ կուսակցությունները... Այսօր հրաժարական տվեց Իտալիայի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող վարչապետ Էնրիկո Լետան: Նոր կառավարությունը ձեւավորելու է այդ նույն Դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Մատեո Ռենցին ասել է՝ «Վարչապետի հրաժարականի մասին համարձակ որոշումը պայմանավորված է Իտալիան ճգնաժամից դուրս բերելու անհրաժեշտությամբ: Մենք պետք է օգնենք Իտալիային դուրս գալ այն ճահճից, որում հայտնվել է»: Կարելի է երկու եզրակացություն անել՝ կամ մեր հանրապետականները իտալացիներից շատ ավելի խելոք են, որ անիմաստ են համարում վարչապետի հրաժարականը, եթե նոր վարչապետը պետք է նույն հանրապետականներից լինի... Կամ էլ ամենեւին շահագրգռված չեն, որ Հայաստանը դուրս գա ճահճից... Կներեք՝ երկրորդ տարբերակն ինձ շատ ավելի հավանական է թվում...