18:05 , 13 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հոյակապ փաստաթուղթ համարեց՝ «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» խորագրով փաստաթուղթը, որի աշխատանքային տարբերակն այսօր հրապարակել է «168 Ժամ» առցանց լրատվական կայքը :
«Այն, ըստ էության, գալիս է ամփոփելու Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի հետ կապված նախորդ ժամանակաշրջանի արդյունքները, և նաև կարևոր եզրահանգումներ է իր մեջ պարունակում, ինչը ժամանակին Ասոցացման համաձայնագրի մշակման փուլում հաշվի չէին առել: Սա, կարելի է ասել, վերաիմաստավորումն է այն գործընթացի, որը մինչ այժմ իրականացվել է։ Բացահայտ ամրագրում է այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվել »,- Tert.am-ին ասաց Արթուր Սաքունցը:
Ապա՝ որպես օրինակ բերեց 2-րդ կետը, որում նշվում է. «Ավելացնել աջակցությունը Արևելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ուժեղ ենք»-ն է, հատկապես՝ տարածելով տեղեկություններ Արևելյան գործընկերության (այսուհետ` ԱլԳ,- խմբ.) մասին և պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով»: Կամ 9-րդ կետը. «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱլԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»:
Բավականին ուշագրավ է նաև 18-րդ կետը, որն ասում է. «Բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել ԱլԳ առաջատարների նկատմամբ ներքին և արտաքին այնպիսի վտանգները կամ գործողությունները, ինչպիսիք են առևտրային էմբարգոները, ներգաղթյալների սահմանափակումները, հակամարտությունների գոտում լարվածության ավելացումը և այլն»:
Արթուր Սաքունցը այս փաստաթուղթն իր բովանդակությամբ բաժանում է 3 մասի:
Առաջինն այն է, որ ԵՄ-ն գործընթացների հրապարակայնությունն է ապահովում, ինչը նախկինում պատշաճ մակարդակի վրա չէր, քանի որ, թեև դիվանագիտական գործընթացներին զուգահեռ առկա էր քաղաքացիական հասարակության ներգրավում, բայց դրանք տարանջատ էին:
«Մասնավորապես խոսքը Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի դրույթների գաղտնիության մասին է, որովհետև համաձայնագրի կառուցվածքն ու ուղղությունները հայտնի էին, բայց այստեղ կարևորն այն է, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվում, պետք է լինեին շատ ավելի բաց»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ