01:15 , 14 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Վահե Մկրտչյանին օրերս այցելության են գնացել երկու անչափահաս դուստրերը՝ հինգ տարեկան Ագնեսան և չորս տարեկան Նարեն:
«Հայրիկը փոխվել էր, սենց մորուք էր եկել», իր զարմանքը հայտնեց Ագնեսան, իսկ Նարեն շարունակեց. «Սափրվելու գործիքները չէինք ուղարկել, մոռացել էինք»:
Նարեն ասաց, որ հայրիկն ինքնաթիռից իջավ, բայց իրենց մոտենալ չկարողացավ, կարողացավ միայն օդային պաչիկներ ուղարկել: Հայրիկին Նարեն հարցրել է՝ երբ է գալու. «Հայրիկը ասաց՝ երբ գործերս ավարտեմ, այն ժամանակ կգամ, գործերս դեռ շատ են: Հայրիկը շատ հեռու տեղ է գնացել, բայց մի քիչ մոտիկ է: Ես հայրիկից պուլտով ավտո ուզեցի, ասաց՝ կուղարկեմ: Ասացինք, որ շատ ենք կարոտել, ուզում ենք շուտ գա: Հայրիկը Նոր տարուն էլ չեկավ, բայց նվեր ուղարկեց, ինձ՝ ավտո, Ագնեսին՝ սայլակով տիկնիկ»:
Երեխաներն ասացին, որ ամեն օր են ուզում գնալ հայրիկին տեսնելու, էլի կարոտել են. «Կես ժամ մնացինք, հայրիկն այդպես էլ դուրս չեկավ», ասաց Ագնեսան:
Ագնեսան նկարագրեց, որ ապակիներ էին, սենյակներ, ամեն սենյակում հեռախոս կար, իրենք դռները հրեցին, բայց չէր բացվում, և ոչ մեկը չի եղել, որ օգներ բացեին դուռը, իրենք գնային գրկեին հայրիկին. «Հայրիկն ասաց՝ կարոտել եմ»,- ասաց Նարեն, ապա շարունակեց զարմացած պատմել, որ երբ մտել են հայրիկին տեսնելու, նախ իրենց գրպանները ստուգեցին. «Նայում էին՝ հո կապույտ ավտոս չեմ բերել հետս, մենակ գրպանումս անձեռոցիկ էր, հանեցին անձեռոցիկը, ուշադիր նայեցին», ասաց չորսամյա Նարեն, ապա հավելեց. «Ես հայրիկին կոնֆետներ էի տարել, բայց չկարողացա տալ, ավտոյի մեջ մնացին, վերջում ուզում էինք հայրիկի համար զինվորի երգը երգել, բայց չհասցրինք»,- ասացին երեխաները ու երգեցին զինվորի երգը: Նարեն ինքնաթիռ նկարեց, ասաց, որ ուզում է հայրիկն այս կապույտ ինքնաթիռով շուտ տուն գա:
Զրուցեցինք Վահեի կնոջ՝ Մարգարիտա Ստեփանյանի հետ:
Երկրորդ հանդիպումն էր Վահեի հետ, ինչպե՞ս էր տրամադրությունը, ստեղծված իրավիճակից ի՞նչ ելքեր է տեսնում:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր արեցին ամեն հնարավորը, որ մենք կարողանանք հաղթահարել առաջին դժվարությունը: Ոչ միայն մենք, այլ մեզ հետ բազմաթիվ մարդիկ պայքարեցին, որ տեսակցությունն արտոնեն: Տեսակցությունների արտոնումը մեր՝ կանանց համար չասեմ հույս, բայց հավատի նշույլ էր, որ բոլոր դժվարություններն աստիճանաբար հաղթահարելու ենք, հաղթանակով ենք դուրս գալու: Մեծ հավատ ունեմ, որ շուտով Վահեին և ընկերներին պետք է տեսնենք տանը:
Վահեն հուսահատված չէ, նա շարունակում է պայքարել, նա շարունակող տեսակ է: Իմ կյանքում չեմ հիշում որևէ քայլ, որ Վահեն արած լինի, հետո ափսոսա, հատկապես երբ խնդիրը վերաբերում է հայրենիքի, ժողովրդի անկախությանը: Նրանց պայքարը Հայաստանն անկախ տեսնելու պայքար է: Անգամ այնտեղ գտնվելով՝ նա չի ափսոսում: Իհարկե, ես եմ շատ ափսոսում՝ օրերը, որ նա անցկացնում է անազատության մեջ, այլևս հետ բերել չենք կարող: Քայլը, որ արեցին տղաները, վստահ եմ, յուրաքանչյուր քաղաքացի իր հոգու խորքում ուզել է անել նման քայլ: Ի վերջո, սա բողոքի ճիչ էր, որ տղաներն արտահայտեցին այդ կերպ: Իհարկե, կուզենայի ավելի շատ պայքարողներ տեսնել նրանց կողքին, եթե համախմբված լինեին, ավելի մեծ արդյունքներ կունենայինք: Բոլորը դժգոհում են ստեղծված իրավիճակից, բայց իրենց տներում: Ի վերջո, նրանց գերխնդիրը Հայաստանի անկախությունն է, որը յուրաքանչյուր քաղաքացու համար վեր պետք է լինի ամեն ինչից:
Ինչքան ժամանակ են հատկացնում տեսակցություններին:
Կես ժամից մինչև մեկ ժամ: Առաջին անգամ՝ հունվարի 20-ին, մենակ էի այցելել: Մտածում էի՝ գնամ տեսնեմ ինչ իրավիճակ է, հետո փոքրիկների հետ գնամ: Տեսա, որ շատ սարսափելի բան չկա, և որոշեցի հաջորդ անգամ երեխաների հետ գնալ, ու իմ մեջ ուժ հավաքեցի, փոքրիկներիս նախապատրաստեցի, որ իրենց անակնկալ է սպասվում: Չնայած Վահեն ասում էր՝ չեմ կարծում նրանք կարողանան հասկանալ այստեղ ինչ իրավիճակ է, և եթե նրանք հանկարծ ուզենան գիրկս գան, ի՞նչ ես ասելու, ասացի՝ ես կփորձեմ իրավիճակը շտկել: Ընկերներիցս շատերը ասում էին՝ չփորձես տանել այնտեղ երեխաներին, բայց ես դեմ էի, գտա, որ ավելի լավ է երեխաները տեսնեն, համոզվեն, որ հայրիկը մեզնից փոքր-ինչ հեռու է, աշխատանքի է:
Երբ երեխաներին տեսավ, միանգամից դեմքին ժպիտ երևաց: Երեխաներն ազատ վազվզում էին միջանցքում, ամեն խցիկում մեկական հեռախոսներ էին դրված, փորձում էին ամեն հեռախոսից զանգեր ուղարկել հորը, ապա խցերի փոքրիկ պատուհաններն էին փորձում հրել: Ես լսեցի, թե ինչպես է Նարեն հրում դուռը՝ ասելով՝ կարող է այս մեկը բաց լինի: Նրանք անընդհատ փորձում էին ելք գտնել, հասնել մյուս կողմ, և երբ հասան մեծ դռանը, ասացին՝ մայրիկ, մեզ կօգնես դուռը հրենք բացվի, ասացի՝ չենք կարող, քանի որ հայրիկի ծանր գործիքներն են դռան հետևում, չենք կարող բացել:
Վահեն ջերմ բարևներ ուղարկեց բոլոր նրանց, ովքեր հարցնում և հետաքրքրվում են իրենցով, ասաց՝ միացեք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ համար պայքար են մղում: Նա լավատեսորեն է տրամադրված, հասցրի փոխանցել, որ Կապանի 1638 քաղաքացիներ տղաների ազատության համար ստորագրահավաք են կազմակերպել, դեմքին ժպիտ երևաց,և ես գիտեմ՝ նրա ժպիտի տակ ինչ կար թաքնված: Հարազատները և ընկերները պատմում են, որ Վահեն 15 տարեկանում փախել է տնից, Շանթ Հարությունյանի և մնացած ավագ ընկերների հետ գնացել և Կապանի ինքապաշտպանական կռիվներին մասնակցել: Մի քանի ընտանիք կա Կապանում, որ ճանաչում ենք, և մի քանի օր առաջ ընկերներից մեկի աղջիկն ինձ պատմեց Վահեենց գործողությունների մասին, թե ինչպես էին նրանք պաշտպանել Կապանի սահմանը Ուջանիս և Ագարակ գյուղերի պաշտպանության ժամանակ:
Մարգարիտ, իսկ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում նոյեմբերի հինգից հետո:
Նոյեմբերի հինգից հետո շատ լուրջ հիվանդացա, չէի կարողանում համակերպվել, որ Վահեն տանը չէ, և երբ հիշում էի նրա առջև դրված մեղադրանքները, հոգեկան ծանր վիճակ էի ապրում: Ինձ փորձում էին համոզել, որ ժամանակի ընթացքում համակերպվում ես, բայց ոչ, ես չեմ համակերպվել, որ տղաները պետք է մնան անազատության մեջ: Մենք շարունակում ենք պայքարել, անում ամեն հնարավորը: Ինձ թվում է՝ մենք շատ շուտով տղաներին կտեսնենք ազատության մեջ: Տղաների արածը համարում եմ հերոսություն, տեղին արված քայլ:
Այս փոքրիկները որևէ մեղք չունեն, որ առանց իրենց ծնողների են անցկացնում այս ամսիները, տղաներից մեկը հինգ օրական բալիկ է թողել տանը ու գնացել, մինչդեռ իր գրկում պետք է մեծանա երեխան, մենք ունենք տղաներ, որոնց որդիները սահմանում են, իրենց խորհրդի կարիքն ունեն: Հուսով եմ՝ սա կլինի փոքրիկներիս առաջին ու վերջին այցելությունը հայրիկին, հաջորդ անգամ հայրիկը պետք է մեզ այցելի, մենք սպասում ենք հավատով և գիտենք, որ շատ շուտով նրանք տուն են վերադառնալու:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ