Ուկրաինայում և Հայաստանում միևնույն մեթոդը կիրառվում է միանգամայն տարբեր խնդիրներ լուծելու համար


17:41 , 13 փետրվար, 2014

Հրապարակվել են Մայդանին վերաբերող, ժամանակագրական առումով երեք փուլով իրականացված սոցիոլոգիական հարցման ուշագրավ տվյալները: Կարևոր է նկատել, որ հասարակական շարժումների, տարատեսակ հասարակական նախաձեռնությունների և կազմակերպությունների դերը ժամանակի մեջ աճել է, իսկ դրան զուգահեռ ընկել է քաղաքական կուսակցությունների ու քաղաքական գործիչների վարկանիշը: Ընդգծվում է, որ հասարակական ակտիվիստների բացարձակ մեծամասնությունն անհատապես է հանգել մինչև վերջ կանգնելու որոշմանը, այսինքն՝ կանգնելու են Մայդանում, մինչև իշխանությունները չկատարեն իրենց ներկայացրած պահանջները: Իսկ պահանջվում է Յանուկովիչի հրաժարականը, նախագահի ու Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների անցկացում, ինչպես նաև բոլոր ձերբակալված ակտիվիստների առանց նախապայմանների ազատ արձակում: Ըստ էության, այժմ հասարակական ակտիվիստներն են պահանջ ներկայացնողները ու պատրաստ են նաև դիմել ուժային գործողությունների, սակայն քաղաքական պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու մտադրություն նրանք չունեն և չեն կարող դա անել, իրենց ներկա կարգավիճակից ելնելով: Այդ մարդիկ ապստամբության, զինված ընդվզման համակազմ են իրենցից ներկայացնում և, իրենց այդ առաքելությունը կատարելուց հետո, կամ պետք է վերակազմավորվեն քաղաքական ուժի, կամ էլ հեռանան ասպարեզից, իրենց տեղը զիջելով գործող, կամ նորահայտ կուսակցական ուժերին: Այստեղ կարևորն այն է, որ անհնար կլինի հայտնաբերել երկրին պատուհասած աղետի մեղավորներին՝ հասարակական սեկտորի ուժերով ապստամբական սցենարի գործարկումը կհանգեցնի իշխանության համակարգային ավանդականության խզման և, այնժամ, կստացվի այնպես, որ հին իշխանությունը տապալվել է, իսկ նորը՝ կատարվածի համար որևէ պատասխանատվություն կրել չի կարող: Նոր իշխանության անմեղսունակությունը ամրապնդված կլինի նաև իր բազմակենտրոն բնույթով, քանի որ մայրաքաղաքը կկորցնի իր՝ պետության քաղաքական, վարչական և տնտեսական կենտրոնը լինելու երբեմնի գործառույթը և գավառները կդիմեն սեփական ինքնավարությունն ապահովող գործողությունների: Հասարակական ակտիվիստների ուժերով իշխանափոխությունն իրականացնելու այս մարտավարությունն ուշագրավ է նրանով, որ այդ մարդիկ անձնապես իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հավակնություն չունեն՝ նրանք, ըստ էության, աղբահաններ են, որոնք սանմաքրման աշխատանքները իրականացնելուց հետո պետք է հեռանան հրապարակից: Ամենակարևորն այն է, թե ով է գալու ասպարեզ նրանցից հետո: Նախորդ տարվա նախագահական ընտրությունների շրջանում Երևանում ևս բարձրացվեց հասարակական շարժումների ու ակտիվիստների դերի անհամաչափ գովերգության ու չափազանցեցման աննախադեպ մի ալիք, սակայն, ինչպես երևում է, Ուկրաինայում և Հայաստանում միևնույն մեթոդը կիրառվում են միանգամայն տարբեր խնդիրներ լուծելու համար (այս մեթոդն, ինքնին, ունիվերսալ է, բազմաֆունկցիոնալ): Համենայնդեպս առայժմ այդպես է…