17:20 , 13 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի մամուլի գրասենյակը և ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն առանձին հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում ՀԿ-ների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ:
«Քեթրին Էշթոն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-երի մասին վերջին օրենսդրական փոփոխություններով, որոնք սահմանափակում են անկախ և քննադատական քաղաքացիական հասարակության միջավայրը հատկապես մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախարարաների կոմիտեի նախագահությունը, բարձր ներկայացուցիչը և հանձնակատարն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ենթարկվել իրենց միջազգային պարտավորություններին և վերանայել հասարակական կազմակերպությունների մասին օրենքը»,- նշվում է հայտարարության մեջ:
ԵՄ դիվանագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել բարելավել և դյուրացնել միջազգային ՀԿ-ների գրանցման ընթացակարգը բոլոր հասարակական կազմակերպությունների համար երկրում օրինական գործունեություն ծավալելու նպաստավոր միջավայր ստեղծելով: