17:14 , 13 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր Ազգային անվտանգության ծառայության «մի խումբ աշխատակիցների» ստորագրությամբ հայտարարություն էր տարածվել, որտեղ նրանք իրենց «զայրույթն» են հայտնել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
«Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:
Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես «վաստակավոր հետախույզ» և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին», -նշվումէ հայտարարության մեջ:
«Ես ընդամենը ասել եմ, որ Հասան Օքթայը (թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից) տասը տարի շարունակ եկել-գնացել է իմ երկիր, բա որտե՞ղ էր ԱԱԾ-ն: Սրանք միայն նրա համար են որ միայն ընդդիմությանը հետապնդե՞ն: Ասել եմ, որ մեկ տոննա հերոինը օպերատիվ աշխատողը պետք է բռներ, ոչ թե մաքսայինի աշխատողը: Եվ միայն Աստծոն է հայտնի, թե քանի տոննա է մտել իմ երկիր: Բա որտե՞ղ են սրանք: Ես ասել եմ, որ ինչ պաշտոնյա կա, նրա հեռախոսահամար, հատուկ ֆայլեր ու փաստաթղթեր ընկել են թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «ԱԱԾ միխումբ աշխատակիցների» հայտարարությունը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նույն հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ