16:34 , 13 փետրվար, 2014
Ռուսական «Коммерсантъ»-ին տված լայնածավալ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ինչպես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններին: Նա բավականին շատ կարևոր և լուրջ ուղերձներ է հղում ԵՄ-ին՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ պոստսովետական մի շարք այլ երկրների հետ վերջինիս հարաբերությունների մասով: Ռուսաստանը կարծես շատ հստակ հասկացնել է տալիս, որ իրենց միջև հարաբերություններում տիրող անառողջ մթնոլոտը ազդում է նաև տվյալ երկրների կայունության և հետագա զարգացման վրա, ինչպես նաև հավելում, որ եթե Արևմուտքը շարունակի իր ակտիվ միջամտությունը այս երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում, ապա դա կարող է հանգեցնել լուրջ բախումների և անդառնալի հետևանքների:
Սկզբում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փորձում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրական ժողովրդավարական գործընթացները փոխարինվում են «փողոցային ժողովրդավարությամբ»: Վերջինիս խոսքերով, այս «շարժման» շղարշի տակ առաջ են գալիս ծայրահեղական, ֆաշիստական ուժեր` հակառուսական և հակասեմիթական լոզունգներով, որոնց մեծ մասը հայտնվում են վերահսկողությունից դուրս: Լավրովն այս ամենը համարել է անընդունելի և կարծիք հայտնել, որ Արևմուտքի ոչ մի արտաքին միջամտություն լավ բանի չի հանգեցրել և ոչ մի հիմք չկա կարծելու, որ եվրոպական աշխարհամասում կիրառվող այդ քաղաքականությունը կտարբերվի մնացածից:
Ինչ վերաբերում է ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին՝ բարձրաստիճան դիվանագետի կարծիքով պետք է ավելի սերտացնել և ներդաշնակեցնել երկկողմ հարաբերությունները: Լավրովը խստորեն քննադատում է եվրոպացիներին, ովքեր ըստ պաշտոնյայի, մնացել են Սառը պատերազմի շորշոփի տակ և Ռուսաստանը դիտում են որպես պոտենցիալ աշխարհաքաղաքական հակառակորդ այն դեպքում, երբ պետք է ձևավորել ընդհանուր ռազմավարություն՝ հետագա «ինտեգրացիայի» համար, որպեսզի հնարավոր լինի ստեղծել ընդհանուր ապագա, որտեղ կողմերը կդիտեն միմյանց որպես դաշնակիցներ, իսկ նման քաղաքականությունը կխթանի երկկողմ զարգացումն ու բարգավաճումը: Լավրովի պատկերացմամբ պետք է սկսել տնտեսականից` հետագայում ստեղծելու համար ընդհանուր տնտեսական տարածք՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Ըստ Լավրովի՝ այս քաղաքականությունը կնպաստի նաև Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հայտնված երկրների կայունությանն ու ներդաշնակ զարգացմանը:
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ուղերձն այստեղ շատ հստակ է. եթե ԵՄ-ը շարունակի Ռուսաստանին դիտել որպես սպառնալիք կամ էլ հակառակորդ միջազգային հարթակում, ապա Ռուսաստանին այլ ելք չի մնա, քան պատասխանել նույն կերպ, որը, ուշ թե շուտ, կհանգեցնի լուրջ բախումների` իրենց միջև բուֆերային պետությունները դարձնելով ռազմադաշտ: Ռազմադաշտ ասելով՝ նկատի չունեմ բառի բուն իմաստով ռազմադաշտ՝ չնայած, որ դա ևս բացառել պետք չէ: Սա ցույց է տալիս, որ եթե ԵՄ-ը շարունակի ներխուժել ավանդապես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրներ և փորձի «իրենով» անել այդ պետությունները, ապա Ռուսաստանը կգնա մինչև վերջ: Այս «մինչև վերջը» եթե կիրառենք Ուկրաինայի վրա, ապա դա, ամենայն հավանականությամբ, կնշանակի առնվազն Ուկրաինայի մասնատում մի քանի մասի, իսկ առավելագույնը ամբողջական Ուկրաինայի արտաքին քաղաքական վեկտորի հստակեցում դեպի Ռուսաստան՝ լինի դա ուժով, բախումներով, արյամբ, թե քաղաքացիական պատերազմով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջարկին, որպեսզի քննարկեն ԵՄ-ի հետ «ընդհանուր ապագայի» ռազմավարություն, ապա հարկ է նշել, որ սա կարող է և տակտիկական քայլ լինել՝ վերջինիս կողմից ժամանակ շահելու համար, որպեսզի կարողանա հզորացնել, կազմակերպել և ի վերջո կայացնել Եվրասիական միության գաղափարը: Չնայած անձամբ ինձ, ինչպես ես բազմիցս նշել եմ, անհավանական չի թվում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր տնտեսական գոտու ստեղծումը, քանի որ այսօրվա դրությամբ աշխարհն իրոք ձերբազատվում է սահմաններից՝ ընդհանուր բարեկեցության և բարգավաճման օբյեկտիվ մղումներից ելնելով: Այնպես որ, դրա մեջ իրատեսություն և լուրջ տեսլական փնտրել կարելի է:
Ինչևէ, սպասենք տեսնենք, թե մեծ հաշվով որ ճանապարհը կընտրի Արևմուտքը, և անկախ այդ ընտրությունից, ինչպես գործնականում կգործի Ռուսաստանը: