15:33 , 13 փետրվար, 2014
Քենիայի Վայրի բնության պահպանման ծառայության աշխատակիցները հեռացնում են այն փղի ժանիքը, որը սպանվել է նիզակի հարվածից: Հայտնի չէ, թե արդյոք այս կենդանուն որսագողերն են սպանել, թե տեղաբնակները: Լուսանկարը արվել է 2011 թ.-ին:
ԱՄՆ-ն առաջատար դեր է ստանձնել վտանգված կենդանատեսակների պահպանման և գլոբալ անվտանգության ամրապնդման գործում: Նախագահ Օբամայի ազգային նոր ռազմավարությունը՝ միտված ողջ աշխարհում վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դադարեցմանը, նպատակ ունի վերջ դնելու աֆրիկյան փղերի որսագողությանը: Այն նաև միտված է պայքարելու աֆրիկյան անկայուն երկրների կազմակերպված հանցավորության դեմ:
«Վայրի կենդանատեսակներից պատրաստված արտադրանքների ռեկորդային բարձր պահանջարկը, ոչ ադեկվատ կանխարգելիչ միջոցները և թույլ հաստատությունները վերջին տարիներին հանգեցրել են վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքի աննախադեպ ծավալների,-ասել է Օբաման: Ներկայումս որսագողերի գործողությունների պատճառով բնաջնջման վտանգի տակ են այնպիսի կենդանիները, ինչպիսիք են փղերն ու ռնգեղջյուրները: Սակայն ամեն ինչ այսպես չպիտի լինի: Մենք կարող ենք քայլեր ձեռնարկել այս ապօրինություններին վերջ դնելու համար և մեր երեխաների հնարավորություն տալ, որպեսզի նրանք մեծանան այնպիսի աշխարհում, որը լի է վայրի կենդանատեսակներով»:
Օբամայի ադմինիստրացիայի հայտարարությունն արվել է այնպիսի պահի, որը ճակատագրական է բնապահպանական անվտանգության ապահովման համար: Բավականին լավ զինված հանցավոր սինդիկատները սկսել են զբաղվել փղոսկրի շահութաբեր առևտրով: Նրանք օգտագործում են ստացված շահույթը այլ ապօրինի բիզնեսների, օրինակ, թմրադեղերի ու զենքերի ապօրինի վաճառքի ֆինանսավորման համար: 6 ամսվա ընթացքում մշակված կառավարական այս ծրագրի ղեկավարները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն են:
Սպիտակ Տան հայտարարության մեջ ասվում է.
«Այս ռազմավարությունը կամրապնդի Ամերիկայի առաջատար դիրքերը բնապահպանական և գլոբալ անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների հաղթահարման ոլորտում: Այդ վտանգները բխում են վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրից»:
Ծրագիրը մանրամասնորեն կքննարկվի վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրին նվիրված համաժողովի ընթացքում, որը կկայանա փետրվարի 12-ին և 13-ին Լոնդոնում: Համաժողովին մասնակցելու են գերտերությունների առաջնորդները: Համաժողովին ներկայացվելու է արքայազն Չարլզի հետ անցկացված հարցազրույցի ձայնագրությունը: Հարցազրույցի ընթացքում նա կոչ արեց ավելի շատ ջանքեր գործադրել վայրի կենդանիների ապօրինի առևտուրը դադարեցնելու համար:
Reuters-ի փոխանցմամբ՝ արքայազն Չարլզն ասել է. «Այդ ապօրինի առևտուրը ներկայումս վտանգում է ոչ միայն աշխարհի ամենակարևոր կենդանատեսակների գոյատևումը, այլև աշխարհի տարբեր երկրների տնտեսական ու քաղաքական կայունությունը»:
Միլիարդավոր դոլարների բիզնեսը
Ժամանակին փղերի ժանիքների և ռնգեղջյուրների կոտոշների որսագողությունը միայն աղքատության մատնված տեղացի որսորդների զբաղմունքն էր: Ներկայումս այդ զբաղմունքը վերածվել է միլիարդավոր դոլարների գլոբալ բիզնեսի, որի շրջանակներում որսագողերի և նրանց հետ համագործակցող ահաբեկիչական խմբավորումների կողմից իրականացվում է կենդանիների մասսայական սպանդ:
Անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում հիշատակվել են կենդանիների մասսայական սպանդի բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ 2012 թ.-ին Սուդանի որսագողերի կողմից կատարված օպերացիան, որի ժամանակ Կամերոնի հյուսիսում ավելի քան 200 փիղ սպանվեց: Արդյունքում անտառների փղերի թիվը կտրուկ նվազել է, և անգամ վտանգ կա, որ նրանք կարող են մի տասնամյակում բնաջնջվել:
1989 թ.-ին աֆրիկյան փղերի փղոսկրի վաճառքն արգելվեց Վտանգված կենդանիների և բույսերի միջազգային առևտրի մասին կոնվենցիայով: Կոնվենցիան նպաստեց փղերի սպանությունների թվի կրճատմանը, սակայն 2007 թ.-ին սպանությունների թիվը կրկին աճեց:

Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների՝ տարեկան 30.000 փիղ է սպանվում: Ըստ տարածված տեղեկատվության՝ վայրի բնության մեջ բնակվող փղերի թիվը հասնում է 500.000-ի, սակայն Թրևոր Ջոնսը և Կատարզինա Նորվակը, ովքեր Թանզանիայում ղեկավարում են Ուդզունգվայի փղերի նախագիծը, կարծում են, որ փղերի իրական թիվը 250.000 է:
Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ն փղոսկրի խոշորագույն շուկաներից մեկն է ողջ աշխարհում: Փղոսկրի մեծ մասը կամ փոխադրվում է Ամերիկայով, կամ ներմուծվում է Ամերիկա: Մի այլ պաշտոնյա էլ ասել է. «Հանցավոր սինդիկատները արտադրանքը տեղափոխում են ԱՄՆ և ԱՄՆ-ից էլ փոխադրում են այլ երկրներ, օրինակ, Չինաստան՝ արտադրանքն այնտեղ մշակման ենթարկելու համար»:
Ռնգեղջյուրի կոտոշի 453.5 գրամը 45.000 դոլար արժե: Կարելի է ասել, որ այն մոտավորապես ոսկու արժեք ունի: Փղոսկրի 453.5 գրամը վաճառվում է 1500 դոլարով:
Երեք կետերից բաղկացած ծրագիրը
Օբամայի ադմինիստրացիան նշում է, որ իրենք իրենց առջև երեք հիմնական նպատակ են դրել.
Բնապահպանական խմբերն ասում են, որ Ամերիկայի կառավարության ջանքերը թույլ կտան ազդել այլ երկրների վրա՝ դրդելով նրանց նվազեցնել փղոսկրի ապօրինի առևտուրը: Հատկապես մտահոգիչ է Չինաստանում տիրող իրավիճակը: Չինաստանի փղոսկրի շուկան խոշորագույնն է ողջ աշխարհում:
Սյուզան Լիեբերմանը՝ «Վայրի բնության պահպանման հանրություն» կազմակերպության բաժիններից մեկի գործադիր տնօրենը, ասում է, որ նա հուսով է, որ ԱՄՆ կառավարության միասնական ջանքերով կհաջողվի վերջ դնել վայրի կենդանիների ապօրինի առևտրին: Լիեբերմանն ասում է, որ հարկավոր է ապահովել տարբեր օղակների, օրինակ, ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության և Ֆինանսների նախարարության համագործակցությունը: Սա կօգնի բացահայտել փողերի լվացման և զենքերի ապօրինի վաճառքի դեպքերը. չէ՞ որ այս հանցագործությունները կապված են վայրի կենդանիների որսագողության հետ:
Փղոսկրի պաշարների ոչնչացում

Անցյալ տարվա նոյեմբերին Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պահպանման ծառայությունը հրապարակայնորեն ոչնչացրեց 6 տոննա բռնագրավված փղոսկր՝ ապօրինի առևտրի դեմ ուղղված իր ջանքերը հանրայնացնելու համար: Անցած ամիս Չինաստանի Դունգուան քաղաքում ևս 6 տոննա փղոսկր ոչնչացվեց: Դրանից երկու շաբաթ անց Հոնկոնգի կառավարությունը հայտնեց, որ ծրագրում է մոտակա երկու տարիներին այրել 28 տոննա փղոսկր: 2011 թ.-ին Քենիայում գտնվող Ջոմո Քենիատա միջազգային օդանավակայանում չինացիների անձնական ճամպրուկների ստուգման ժամանակ հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված փղոսկր:

Փետրվարի 11-ին Ամերիկայի Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պահպանման ծառայությունը հայտնել է, որ «Կոբրա II» մեկամսյա օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է որսագողության մեջ կասկածվող ավելի քան 400 մարդ: 28 երկրների գործակալները բռնագրավել են ռնգեղջյուրի 36 կոտոշ, ավելի քան 3 տոննա փղոսկր, ավելի քան 10.000 կրիա, մեծ կարևորություն ներկայացնող կենդանատեսակների 1000 կտոր կաշի, ավելի քան 10.000 եվրոպական օձաձուկ և 200 մետր վարդափայտ (պալիսանդր):
Այս հետաքննությունը չինացի և աֆրիկացի գործակալների առաջին հաջող համագործակցությունն է: Համագործակցության արդյունքում հաջողվեց ձերբակալել փղոսկրի ապօրինի առևտրով զբաղվող հանցագործին, ով Աֆրիկայից Չինաստան էր արտահանում ապօրինի ճանապարհով ձեռք բերված փղաժանիքներ:
Փղոսկրի լիակատար արգելքի կոչեր
Որոշ բնապահպաններ ասում են, որ փղոսկրի ապօրինի վաճառքի կանխարգելումը բավականաչափ արդյունավետորեն չի իրականացվում:
«Մենք ցանկանում ենք, որ փղոսկրի վաճառքի լիակատար արգելք սահմանվի: Մենք ձգտում ենք, որ կառավարությունը գնա այդ քայլին»,-ասում է Ջեֆրի Ֆլոքենը՝ Կենդանիներին պաշտպանության միջազգային հիմնադրամի տնօրենը: Մի շարք բնապահպանական խմբեր հայտարարել են, որ Ամերիկայի կառավարությունը պետք է իսպառ արգելի փղոսկրի շրջանառությունը և օգտագործի իր դիվանագիտական կարողությունները՝ այլ երկրների վրա ազդեցություն գործելու համար: Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք փրկել փղերին:
Լիակատար արգելք դնելու համար Կոնգրեսը ստիպված կլինի նոր օրենսդրություն ընդունել: Մինչ օրս նոր օրենսդրական ծրագիր քննարկման չի ներկայացվել, թեպետ սենատոր Դայեն Ֆայնստայնը կառավարությանը կոչ է արել փղոսկրի ապօրինի առևտրի դեմ գործուն ադմինիստրատիվ քայլեր ձեռնարկել: Մի պաշտոնյա նշել է, որ մասնակի արգելքը նույնքան արդյունավետ չի կարող լինել, որքան լիակատար արգելքը: Նոր կանոնակարգումները խստացնում են փղոսկրի վաճառքի արդեն իսկ առկա սահմանափակումները հետևյալ կերպ:
Անցյալ ամիս Նյու Յորքի կառավարության անդամ Ռոբերտ Սվինին առաջարկեց, որ Նյու Յորքում փղոսկրի վաճառքն իսպառ արգելվի: Հիշեցնելով, որ Նյու Յորքը փղոսկրի վաճառքի ոլորտի առաջատարներից է, Սվինին կոչ արեց վերացնել փղոսկրի առևտուրը, որը բնաջնջման եզրին է հասցնում փղերին և նպաստում է ահաբեկչության ֆինանսավորմանը: