15:29 , 13 փետրվար, 2014ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքներում երկու խնդիր է տեսնում: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտյանն ասաց, որ առաջին անվստահությունը կառավարության դեմ է ուղղված, երկրորդը՝ պետության:
«Անվստահություն կառավարության նկատմամբ. սա փաստարկ է, որը շատ հեշտ հակադարձվում է, որովհետև 40 տարվա ընթացքում վստահաբար կառավարություններ են փոխվելու: Եվ եթե անվստահություն կա այդ հատվածի մոտ կոնկրետ այս կառավարության նկատմամբ, ապա այդ անվստահությունը չի կարելի պրոյեկտել 40 տարիների ընթացքում ձևավորվելիք կառավարությունների վրա: Չէ՞ որ գուցե մի օր իրենք գան իշխանության և իրենք լինեն կառավարություն: Մեզանից ոչ ոք չի պատրաստվում 40 տարի մնալ վարչապետ ու նախարար»,- հայտարարեց Աշոտյանը:
Ըստ նրա, երկրորդ շահարկումը, որն ուղղված է պետության նկատմամբ անվստահության խնդրին, ավելի դաժան մեղադրանք է: «Եթե մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես գոնե 50 տարվա ընթացքում հեռանկար ունեցող, իր գոյությունը պահպանող քաղաքական, տնտեսական ուրույն միավոր, ապա ինչո՞ւ ենք ապրում մեր երկրում, ինչո՞ւ ենք մեր երեխաներին տանում դպրոց, ինչո՞ւ ենք ստեղծում համալսարաններ, վերցնում անձնագրեր, բիզնես դնում, քաղաքականությամբ զբաղվում, անհասկանալի է: Եթե չեք հավատում պետությանը, որտեղ ապրում եք և որը հիմնադրել եք, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք հավատում այս պետությանը մնացած բոլոր գործառույթներում՝ հարկ մուծելուց մինչև երեխաներին դպրոց տանելը կամ ամուսնացնելը, և չեք հավատում հենց կուտակայինի հետ կապված խնդրին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: