13:00 , 13 փետրվար, 2014
Տարոն Մարգարյանի ատենախոսության պատմությունից և երեկվա միջադեպից հետո էլ ավելի սուր է կանգնում ուսխորհուրդները ապակուսակցականացնելու խնդիրը, ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա, բայց դրանում պետք է շահագրգռված լինեն ԲՈԼՈՐ քաղաքական կուսակցությունները:
Բացատրեմ, թե ինչու. քաղաքականացված ուսխորհուրդներն ու ուսանողական միավորումներն արդեն այնքան են իրենց սպառել ու վարկաբեկել, որ դրանց պոտենցիալի հետագա կիրառությունը քաղաքական նպատակներով լրիվ հակառակ էֆֆեկտի կարող է հանգեցնել կուսակցության ու հատկապես Հանրապետական կուսակցության համար:
Այսինքն, բացի նրանից, որ հանրապետականի զնաչոկը պիջակին ու ապագայում չինովնիկ դառնալու իղձը հայացքում հավերժացած ինդիվիդները, մեղմ ասած, մեծ հանրային սեր ու վստահություն չեն հարուցում առ ուսխորհուրդներ ու ԲՈՒՀ՝ որպես այդպիսին, դեռ մի բան էլ սուր հակակրանք առաջացնելով իրենց շուրջ կամ այն ցանկացած նախաձեռնության, որին ներգրավվում են:
Ընդհանրապես, մարդու առանցքային բնազդներից մեկը ինքնապահպանության բնազդն է, ու առնվազն զարմանալի է, որ ՀՀԿ-ն կարծես ի սպառ զրկված լինի այդ բնազդից, որովհետև կարծես ՀՀԿ-ում բացակայի այն պարզ իրողության գիտակցումը, որ որոշակի հարատևության համար անհրաժեշտ է սերնդափոխություն և որակյալ կադրեր, նաև ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս բացառի, որ կուսակցություն մտնող երիտասարդը քիչ թե շատ լուրջ ու դրական պոտենցիալ ունենա:
Թող ինձ ներեն ուսխորհրդական-կուսակցական իմ ընկերները, բայց իմ, համեստ կարծիքով, մոտենում է այն ժամանակը, եթե չասեմ, որ այդ ժամանակն արդեն եկել է, որ իրեն հարգող ողջամիտ մարդը չլինի հա՛մ ուսխորհրդական, հա՛մ կուսակցական՝ անկախ նրանից, թե ինչ դիվիդենտներ է ակնկալում նման համադրությունից: Ժողովուրդ ջան, կողմնորոշվեք. կա՛մ եղեք ուսանողների հարցերին բացարձակ գերակայություն տվող ուսխորհրդական, կա՛մ էլ մնացեք նժդեհիստ, բայց համալսարանից հեռու: