Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ


11:48 , 13 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային: 

Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում: 
Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը: 

Կողմերը քննարկել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի համագործակցության, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Այդ նպատակով նախարարի նախաձեռնությամբ հիմնադրամի պատասխանատուները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ և կքննարկեն ըստ ուղղությունների համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունության ապահովմանը միտված նախաձեռնություններ: 

Վիշեգրադյան գործընթացում ներգրավված երկրներն են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան: