ԱՄՆ-ի հարավում ձյան տեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի


11:27 , 13 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի հարավային և հարավարևելյան շրջաններում 11 մարդ է զոհվել անբարենպաստ եղանակով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: 

CNN հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ ավտովթարից զոհվել է Վիրջինիայի նահանգում, երկուական բնակիչներ՝ Ջորջիայում և Հյուսիսային Կարոլինայում:

ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով արդեն ավելի քան 500 հազար մարդ մնացել է առանց լույսի: Փետրվարի 12-ին Նյու Ջերսիի և Թենեսիի նահանգների իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: 

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ջորջիայում, որտեղ առանց լույսի է մնացել 175 հազար սպառող: Նախօրյակին ԱՄՆ-ում չեղյալ են հայտարարվել 3 հազարից ավելի ավիաչվերթ:

Օդերևութաբանների տեղեկատվության համաձայն՝ ձյուն է տեղում 16 նահանգում՝ Տեխասից մինչև Նյու Ջերսի, որտեղ ավելի քան 90 մլն մարդ է բնակվում: Ինչպես սպասվում է, լույս փետրվարի 13-ի գիշերը ցիկլոնը կհասնի Նյու Յորքի նահանգ: