10:36 , 13 փետրվար, 2014
Armtimes.com-ը գրում է.
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո սպասվող գնաճի թեման ուղիղ մեկ շաբաթ առաջ քննարկվեց կառավարության նիստում ՀՀ վարչապետի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի երկխոսության տեսքով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը... Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Նախարար Վահրամ Ավանեսյանն էլ, թե` « ...մեր գնահատականները շատ հստակ են, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի... Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է...»: Եթե այս երկխոսությունը պարզեցնենք, կստանանք հետեւյալ տեսքը` աննախադեպ գնաճ չի լինի, ԶԼՄ-ները ուղղակի սենսացիաներ են ման գալիս, դրա համար էլ գրում են, թե մեծ գնաճ է լինելու եւ այլն: Դե մեր ԶԼՄ-ների մեղքը երկրում «գաղջ մթնոլորտ» ստեղծելու գործում արդեն հայտնի «փաստ» է: Եւ այս առումով վարչապետն ու նախարարը օրիգինալ չեն: Իսկ մենք կշարունակենք ներկայացնել այն ապրանքները, որոնք զգալիորեն կթանկանան Մաքսային միության անդամ դառնալու հետեւանքով: Այս անգամ սկսենք դեղերից: Ներկայումս Հայաստան ներկրվող դեղերը ազատվում են մաքսատուրքից:
Մաքսային միության անդամ դառնալուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրվող դեղորայքի վրա կիրառվելու է միջինը 8-10 տոկոս մաքսատուրք: Հիմա ուսումնասիրենք, թե որքան եւ որտեղից ենք մենք դեղ ներկրում: Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկանքի, 2013 թվականին Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլարի դեղորայք: ՄՄ անդամ երկրներից դեղ է ներկրվել Ռուսաստանից եւ Բելառուսից: ՌԴ-ից ներկրվել է 3 միլիոն 942 հազար դոլարի դեղորայք, իսկ Բելառուսից` 1 միլիոն 749 հազար դոլարի: Այլ կերպ ասած, այդ երկու երկրները միասին Հայաստանին մատակարարել են մոտ 4.7 միլիոն դոլարի դեղորայք: Պարզ թվաբանական գործողություններ կատարելով պարզում ենք, որ Հայաստան ներկրված դեղորայքի միայն 4.2 տոկոսն է ներկրվում ՄՄ անդամ երկրներից: Եւ ուրեմն, ՄՄ անդամ դառնալուց հետո Հայաստան ներմուծվող դեղորայքի 96 տոկոսի վրա կիրառվելու է մաքսատուրք: Իսկ դրանք իրոք բավականին բարձր են:
Օրինակ` ամպիցիլին, կարբենիցիլին, սուլացիլին պարունակող դեղամիջոցների վրա կիրառվելու է 11.3 տոկոս մաքսատուրք, ստրեպտոմիցինի սուլֆատ պարունակող դեղամիջոցների վրա` 12.2 տոկոս, ամիկացին, գենտամիցին եւ այլ նյութեր պարունակողները` 12.3 տոկոս եւ այլն: Կան դեղատեսակներ, որոնց վրա պետք է կիրառվի 7.7 տոկոս, 5 տոկոս, 4 տոկոս մաքսատուրքեր: Միջինացնելու դեպքում դեղատեսակների վրա կիրառվելիք մաքսատուրքի տոկոսադրույքը կկազմի 8-10 տոկոս: Ո՞վ է վճարելու այդ 8-10 տոկոսը: Իհարկե` ՀՀ բնակչությունը եւ հատկապես հիվանդները` դեղերի կարիք ունեցող մարդիկ, որովհետեւ այդ 8-10 տոկոսը այսպես թե այնպես ներառվելու է դեղերի մանրածախ գների մեջ: Դեղերի 8-10 տոկոս թանկացումը հանգեցնելու է նրան, որ ՀՀ բնակչությունը մոտ 11 միլիոն դոլար լրացուցիչ գումար է ծախսելու դեղերի վրա: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի «դեղորայքային» ծախսը աճելու մոտ 20 դոլարով:
Կա իհարկե այլ տարբերակ: Տեսականորեն կարող է փոխվել դեղերի ներկրման աշխարհագրությունը: Այսինքն, ՄՄ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանը կարող է դեղեր ներկրել Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից: Բայց սա միայն տեսականորեն: ՄՄ-ն եւ առաջին հերթին Ռուսաստանը դեղերի ներկրման վրա նման մաքսատուրքեր սահմանել է իբր դեղերի տեղական արտադրությունը խթանելու համար: Արդեն տարիներ շարունակ այն խթանվում է, բայց ոչ մի կերպ չի դառնում մրցունակ: Օրինակ` Հայաստան ամենաշատը դեղեր են ներկրվում Գերմանիայից (16 միլիոն դոլարի), Շվեյցարիայից (12.5 միլիոն դոլարի), Ֆրանսիայից (12 միլիոն), Մեծ բրիտանիայից, Հունգարիայից, Իտալիայից եւ այլն: Թանկ ու կրակ Եվրոպայում արտադրված դեղերը շատ ավելի որակով են ու ավելի մրցունակ գնային առումով: Իսկ ՄՄ երկրները, չնայած «խթանումներին», նման որակ, իհարկե, չեն կարողանում ապահովել: Այնպես որ, դեղերի ներկրման աշխարհագրությունը էական փոփոխությունների չի ենթարկվի եւ դեղերի գները կբարձրանան: Եթե սա էկոնոմիկայի նախարարի կարծիքով սենսացիա է, ապա դրա տեղեկատվական հիմքը ՀՀ ՊԵԿ-ի եւ ՄՄ-ի պաշտոնական փաստաթղթերում է արձանագրված: Հաջորդ նման սենսացիան՝ առաջիկայում: